Բավ է պառակտվել
07-05-2020 18:27

ԵԽ պաշտոնյաները չեն ցանկանում Արցախ գալ, և քաղաքականացնում են խնդիրը.Արցախի օմբուդսմեն

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերլուծել են բանակում ինքնասպանությունների և միջադեպերի մի քանի դեպքեր, որոնց հիման վրա ներկայացվել են որոշակի առաջարկներ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:
Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ բանակում միջադեպերի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել, իսկ նոր առաջարկներ կլինեն ավելի խոր ուսումնասիրություններ կատարելուց հետո:
«Կարծում եմ՝ անհրաժեշտ է ՊՆ-ին առընթեր ստեղծել մշտական մասնագիտական հանձնաժողով, հնարավոր է՝ նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որպեսզի նրանք ուսումնասիրեն և միջոցներ առաջարկեն: Կարծում եմ՝ նաև արդյունավետ կլինի, որ հենց զորակոչման պահին գնահատվի բոլոր զորակոչիկների բարոյահոգեբանական պատկերը, և դա իրենց անձնական գործերում վարվի մասնագիտացված սպաների կողմից, որպեսզի ռիսկերն էլ կանխատեսելի լինեն բանակի կողմից»,- ասաց Արտակ Բեգլարյանը:
Անդրադառնալով մարտական դիրքերում կատարված աշխատանքներին ու բարեփոխումներին՝ օմբուդսմենը հիշատակեց ջրով ապահովելու աշխատանքն ու սնվելու նոր մասնավոր համակարգի ներդրումը՝ նշելով, որ զինվորների հետ զրույցները ցույց են տալիս, որ դա դրական արդյունք ունի և կարևոր է, որ կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները շարունակական լինեն:
Նշենք, որ Արցախի օմբուդսմենի գրասենյակը 2019-ի գործունեության ընթացքում առանձնահատուկ ուշադրության տակ է պահել հայատյացության ուղղությունը և Ադրբեջանի կողմից եղած սպառնալիքները: Աշխատակազմն անցկացրել է Ադրբեջանի հետ շփման գծի իրավիճակի մշտադիտարկում և մտադիր է առաջիկայում հանդես գալ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույցով:
Անդրադառնալով եվրոպացի պաշտոնյաներին՝ օմբուդսմենը նշել է, որ նրանք քաղաքականացնում են չճանաչված պետությունների խնդիրը, ինչի հետևանքով չճանաչված պետությունների քաղաքացիները զրկված են շատ իրավունքներից:
«Ես այդ մասին ասել եմ և՛ միջազգային ամբիոններում, և՛ հանդիպումների ժամանակ: Բոլորը խոստովանում են, որ առկա է խնդիր, և այն պետք է լուծվի: Սակայն ոչ ոք քայլ չի ձեռնարկում: ԵԽ պաշտոնյաները չեն ցանկանում Արցախ գալ, և քաղաքականացնում են խնդիրը: Մեր օրինակով կարող եմ հաստատել, որ Ադրբեջանի կողմից ճնշումն արդյունք է տալիս»,- ընդգծել է օմբուդսմենը:

 

 

Արմինե Գևորգյան