Բավ է պառակտվել
16-11-2020 12:51

Հայաստանն Արցախին կապող «կյանքի ճանապարհը դարձավ «Դեր Զորի ճանապարհ»

«Բարի գալուստ Արցախ» ցուցանակն է, կողքին`մարդիկ, նկարվում են, համբուրում ցուցանակն ու հրաժեշտ տալիս։ Շարժվում ենք դեպի Դադիվանք։ Հեռվից երևում է վանքը ամբողջովին պատված ծխի մեջ։ Ծուխը բարձրանում է Դադիվանք գյուղից, որտեղ մարդիկ հավաքում են իրենց իրերը, այրում տները ու սպասում այնքան, մինչև ամբողջությամբ վառվի։ Վառվում է նաև Դադիվանքի դպրոցը։ Այն այրել է հենց դպրոցի տնօրենը։ Տնօրենն այրել է նաև իր տունն ու հեռացել։
Եկեղեցու բակում հավատավոր ժողովուրդն է, ամեն անկյունից լացն ու հեծկլտոցը միախառնվում է աղոթքի հետ։ Դադիվանքի հոգևոր քահանա Տեր Հովհաննես ասում է, որ մնալու է վանական համալիրում ու շարունակելու է աղոթքը սուրբ պատերից ներս։

«Դեռ հույս ունեմ, Աստծո հրաշքին եմ սպասում։ Այս հարցը միայն Աստված է լուծելու։ Այս պատմական եկեղեցին, որը դարեր ի վեր ծառայել է, օրհնել է մեր ժողովրդին, այսօր սկուտեղի վրա ուզում ենք մատուցել։ Ես չեմ ուզում մատուցել այն երկրներին, այն անձանց, որոնք սրա արժեքը չգիտեն։ Ես մնալու եմ այստեղ, մնալու եմ եկեղեցում։ Ասեղնագործ խաչքարերն եմ տեղափոխում։ Մենք չգիտենք` ինչ ճակատագիր նրանք կունենան։ «Հարևանը» չի սիրում հայի ձեռագիրը։ Իրենք ունեն իրենց սև ձեռագիրը։ Հիշո՞ւմ եք Նախիջևանի խաչքարերի ճակատագիրը։ Նույն ճակատագրին կարող են արժանանալ, կամ գուցե ավելի վատ։ Խաչքարերն եմ տեղափոխում, բայց հոգևոր կենտրոնը չեմ կարող տեղափոխել։


Տեր Հովհաննեսը գնում է խաչքարերի մոտ, որոնք 800 տարվա պատմություն ունեն։ Նրան է միանում բարոնուհի Քերոլայն Քոքսը։ Նա այս օրերին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ Արցախում է։ Բարոնոհին 87 անգամ եղել է Հայաստանում։ Նա Ադրբեջանի սև ցուցակում է։ Ասում է, որ այդ ցուցակը հերոսների ցուցակ է, հպարտ է այնտեղ լինելու համար։

Խաչքարերը հանելուց առաջ վերջին անգամ նկարվում են, բայց մինչեւ նկարվելը` աղոթում:

«Այս խաչքարը մրի մեջ էր, կեղտի մեջ էր, գերության մեջ էր 70 տարի։ Ես այն լվացել եմ ․․․ Սա չգիտեմ ում որոշումն է։ Հաստատ եմ ասում` Աստված այս գործի մեջ չկա։ Այս խաչքարերը հանելու համար եկեք բոլորս աղոթենք, թե չէ պատիժ կկրենք»։
Վանքի մի անկյունում ծխախոտը մատների արանքում ու արցունքը կոկորդում սեղած վանքը նորոգող վարպետն է կանգնած։ Խոսելու ցանկություն չունի։ Ընկերն է պատմում, թե օր ու գիշեր ինչպես է նորոգել վանքը. Հենապատը, աստիճաները․․

Երբ 93 թ–ին Տեր Հովհաննեսը մտավ Դադիվանք, տեսավ, թե ինչպես է վերածվել անասնագոմի։ Ադրբեջանաբնակ քուրդ հովիվն իր տասնյակ անասուններին պահում էր հենց եկեղեցու ներսում, իսկ մարդիկ վանքից հեռանում էին մի բուռ հող ու քար տանելով։
«Շատ ծանր ապրումներ ունեմ, չեմ ուզում հավատալ, որ Աստված էսպես դաժան գտնվեց»։

Հայաստանն Արցախին կապող Վարդենիս-Քարվաճառ կամ, ինչպես ավելի հաճախ անվանում են`«կյանքի ճանապարհն» այս օրերին ստացավ «Դեր Զորի ճանապարհ» անունը։ Ճանապարհի ողջ երկայնքով կենցաղային իրերով, անասուններով բեռնատարներ են, մեքենաներից լսվող լուռ հեծկլտոցի ձայներ։ Գյուղերում էլ վերջին իրերն են հավաքում, քիչ ժամանակ ունեն, գոնե կարողանան ինչ-որ բան փրկել։

«Արդեն 20 տուն վառել ենք, իմաստ չկա այն պահել, թողնել, որ թուրքը գա վայելի։ Քսան տարի իմ ձեռքով եմ ամեն ինչ սարքել, շենացրել, խանութ եմ աշխատացրել»։
«Տուն եմ ստեղծել, տուն եմ դրել ու իմ ձեռքով էսօր քանդում եմ։ Դարձել ա Անիի ավերակ։ Դպրոցի շենքն ա, տներն ենք քանդում` դեռ չսարքած։»
Եռակողմ համաձայնագրի համաձայն` Քարվաճառի շրջանը մինչև նոյեմբերի 15-ը պետք է հանձնվեր Ադրբեջանին։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ժամանակ է տրվել Քարվաճառից հայկական զորքերը դուրս բերել մինչև նոյեմբերի 25-ը։ Դեռ 10 –ը օր ականատես ենք լինելու տեղահանվող տեսարանների։

Արմինե Գևորգյան