Բավ է պառակտվել
27-10-2020 09:34

Ջալալ Հարությունյանն ազատվել է պաշտոնից. նա վիրավորում է ստացել (տեսանյութ)

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը զինվորականների հետ հանդիպմանը։

Իսկ մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով, և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:
«Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության: Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի», - ասել է Արայիկ Հարությունյանը:

Իր հերթին, Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ. «Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում։

"Նա շուտով կվերադառնա բանակի շարքեր։ Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները։ Հաջողություն և կորով Ձեզ պարոն գեներալ»,- նշել է Պողոսյանը: