Բավ է պառակտվել
07-01-2023 18:22

Արցախի դեմ Ադրբեջանի «էկոլոգիական պահանջները» ոչ մեկի համար արժանահավատ չեն հնչում. Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Շվեդիայի ազգային ռադիոյին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման «էկոլոգիական պատճառները», ինչի պատճառով 120 հազար արցախցիներ շրջափակման մեջ են։

«Ադրբեջանի պնդումները ոչ մեկի համար արժանահավատ չեն հնչում, քանի որ ողջ աշխարհին է հայտնի, որ ավտորիտար երկրում ոչինչ «բնապահպանների պատասխանատվությամբ» տեղի չի ունենում»,- ասել է Վարդանյանը՝ մատնանշելով Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը։

Պետնախարարը մատնանշել է, որ Արցախը չունի ճնշում գործադրելու մեխանիզմներ երկրի (Ադրբեջանի) վրա, որը ստորագրել է միջանցքի ազատ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ, իսկ այսօր խախտում է այն։ «Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը մեզ համար մարդասիրական օդային միջանցքի հնարավորություն ապահովի, որպեսզի կարողանանք սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ բերել։ Սակայն Ադրբեջանը սա ևս թույլ չի տալիս»- ընդգծել է Վարդանյանը։

Ուստի, եզրափակել է պետնախարարը, այս գործողություններն ընկալվում են որպես պետական քաղաքականություն, պետական դիրքորոշում, որը շատ հստակ ցույց է տալիս, որ նրանք ցանկանում են «մեզ բոլորիս դուրս հանել այստեղից և էթնիկ զտում իրականացնել՝ Արցախն առանց հայերի ստանալու համար»։