Բաքուն դժվար զինված գործողություններ սկսի մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելը, կարծում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
“Ադրբեջանին դա ձեռնտու չէ։ Դա ևս մեկ անգամ կարող է ցույց տալ, որ այն, կոպիտ ասած թքած ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա, չի ցանկանում, միանալ բանակցային գործընթացին”,- ասել է փորձագետը երկուշաբթի կայացած մամլո ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ լարվածությունն այն ժամանակ կստեղծվի, երբ չհաջողվի հասնել պայմանավորվածությունների։ Ներկա պահին կողմերը փորձում են եզրեր գտնել համանախագահ երկրների և պետությունների ղեկավարների միջնորդությամբ բանկցություններ վարելու համար։
“Այլ բան է, եթե բանակցային գործընթացում ներգրավվելուց հետո նրանք փորձեն ցույց տալ, որ դրանք ոչնչի չհանգեցրին։ Եվ արդեն դրանից հետո կգնան իրավիճակի սրման, չնայած բարդ է հստակ ժամկետներ նախատեսել”,- ասել է Հովհաննիսյանը։
Այլատյացությունը որպես կարգավորման խոչընդոտ
Փորձագետի կարծիքով, հույս չկա, որ սահմանի կայուն իրավիճակը երկար կպահպանվի: Ղարաբաղյան հակամարտության լուծման խոչընդոտներից մեկն, ըստ փորձագետի, Ադրբեջանի բնակչության շրջանում այլատյացության աստիճան է:
“Ցավոք, մենք չենք կարող պնդել, որ Ադրբեջանում ժողովրդավարական կառավարություն հաստատվելուց հետո հայացքները լիովին կփոխվեն: Ներկայումս այդ երկրում համակրգային կերպով մանկուց քարոզում են հայատյացություն, - ասել է Հովհաննիսյանը:
Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության
Հովհաննիսյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այդ երկրի իշխանություններն, ընդհանուր առմամբ, փորձում են ճնշում գործադրել Հայաստանի և Արցախի բնակչության վրա։
“Նրանց քաղաքականությունը պատերազմի սպառնալիքով հոգեբանական ճնշումն է։ Եթե վերլուծենք Ալիևի` 2018 թվականի հայտարարությունները, կտեսնենք, որ այդ քաղաքականությունը չի փոխվել”,– ասել է նա։
Փորձագետը նշել է, որ ինչպես նախքան Հայաստանում թավշյա հեղափոխությունն, այնպես էլ հետո Ալիևը միշտ շեշտադրել է ուժի գործոնը։
”Նա նշում էր, որ հակամարտության լուծման համատեքստում ուժի գործոնն Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունի։ Դա հակասում է Փարիզի և Միլանի (ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ խմբ.) պայմանավորվածություններին և վկայում է դրանց չկատարման մասին”,– ասել է Հովհաննիսյանը։
Փորձագետն ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ չէ խաղաղության։