Բավ է պառակտվել
13-01-2023 16:30

Էներգետիկ ճգնաժամ և հովհարային անջատումներ Արցախում. օպերատիվ շտաբը քննարկել է էներգախնայողության ռեժիմին անցնելու հարցը

Արցախի օպերատիվ շտաբը քննարկել է հանրապետությունում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում բնակչության նվազագույն էներգետիկ կարիքների շարունակական բավարարմանն ու կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:
Կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ Արցախի 120 հազար բնակչությունը գործնականում զրկված է անխափան էներգամատակարարման հնարավորությունից, քանի որ հունվարի 9-ից Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վնասման պատճառով։
Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:
Հանրապետությունում ներկայումս էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Հունվարի 10-ից հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին սեղմ ժամկետներում էներգախնայողական ռեժիմի անցնելու և էլեկտրաէներգիայի սպառումն առավելագույնս նվազեցնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև տնտեսական ծանր վիճակի և հիմնարկ-ձեռնարկությունների գործունեության դադարեցման հետևանքով աշխատանքը կորցրած քաղաքացիների խնդրին, քննարկվել են նրանց զբաղվածությանը վերաբերող հարցեր: Պետնախարարը հանձնարարել է այս խնդրի հետ կապված ևս առաջարկություններ ներկայացնել:
Զեկուցվել է նաև պարենային մի խումբ ապրանքատեսակաների համար կտրոնային համակարգի ներդրման տեխնիկական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ դրանք իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի: