Բավ է պառակտվել
05-01-2021 23:00

Երևանը և Ստեփանակերտը համարում են հակամարտության կարգավորման հիմքը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է

Երեքշաբթի օրը տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Դավիթ Բաբայանի հանդիպումը, որի ընթացքում նրանք կարևորեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև ավանդական համագործակցության ամրապնդումն, այդ թվում` փոխայցելությունների և խորհրդակցությունների դերը` որպես արդյունավետ ձևաչափ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերը տեղում հասցեագրելու և ներկա պայմաններում հետագա համագործակցության շրջանակներն ուրվագծելու համար:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, արտգործնախարարները մանրամասն քննարկել են Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյքւնքում ստեղծված իրավիճակը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումը և արցախահայության առջև ծառացած խնդիրների լուծումը:

Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են ռազմագերիների և պատանդների կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման, պատերազմի հետևանքով տեղահանված արցախահայության` իրենց բնակավայրերը վերադառնալու պայմանների ստեղծման, նրանց անվտանգության երաշխիքների ապահովման և պատերազմի հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման կարևորությունը: Այս համատեքստում Այվազյանն ու Բաբայանը շեշտել են համապարփակ լուծումներ ապահովելու համար տեղում միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման անհրաժեշտությունը:

Կողմերն ընդգծել են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ աստատված զինադադարը հիմք է ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման շուրջ քննարկումների համար միջազգային միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Զրուցակիցները որպես հակամարտության քաղաքական կարգավորման առանցք նշեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքների դեօկուպացիան և արցախահայության իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։

Արտաքին գործերի նախարարների 2021 թվականի խորհրդակցությունների պլանի ստորագրումից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Այվազյանը նշել է, որ ներկայիս փուլում առանցքային է դիվանագիտության դերն ու կարևորությունը:

«Այս փուլում մեր համագործակցությունը նույնպես որոշիչ նշանակություն է ստանում: Հետևաբար, այսուհետ մեր քննարկումներն ավելի ինտենսիվ և ընդգրկուն կլինեն: Մենք ունենք մեր առջև դրված խնդիրները լուծելու հստակ նպատակներ, և մեր ամբողջ ռեսուրսներն ու ներուժը կօգտագործվեն այդ նպատակների համար», - ասել է նա: