Բավ է պառակտվել
30-12-2022 10:51

Վարդանյանը France 24-ին բացահայտել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների գործողությունների պատճառները

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և խոսել շրջափակման պատճառների մասին:

«Նախ՝ ուզում եմ ողջունել բոլորին և շնորհակալություն հայտնել բոլոր ֆրանսիացիներին, ովքեր աջակցում են մեզ, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը։ Մենք իսկապես բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը: Իրականությունն այն է, որ 120 հազար մարդ ձմռանը չունի վառելիք, դեղորայք, սնունդ, ճանապարհը փակ է, ունենք բաժանված ընտանիքներ, ունենք մի քանի հարյուր երեխաներ, որոնք մնացել են Հայաստանում առանց ծնողների, Արցախում երեխաներ ունենք՝ մնացած առանց ծնողների»,- ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Արցախ այցելած բազմաթիվ ոչ արցախցիներ հիմա նույնպես արգելափակված են այնտեղ։ Իրավիճակը բավականին ծանր է։

«Բայց այստեղ ապրող մարդիկ հավատում են, որ դա մեծ պայքար է հանուն անկախության, և դրա համար էլ նրանք ուժեղ են մնում, ու, չնայած բոլոր մարտահրավերներին և բոլոր դժվարություններին, մենք համախմբված ենք ու մեզ շատ ուժեղ ենք զգում։ Չնայած բոլոր ճնշումներին, որ փորձում է մեզ վրա գործադրել Ադրբեջանը՝ մենք դիմակայում ենք և դառնում ենք ավելի ուժեղ այս շրջափակման պայմաններում»,- ասել է Վարդանյանը։

Նա նաև մեկնաբանել է ադրբեջանցիների գործողությունները, որոնք, իբր, բողոքի ակցիաներ են անցկացնում տարածաշրջանում ապօրինի հանքարդյունաբերության դեմ։

«Մենք այսօր կառավարության և հանքարդյունաբերող ընկերության ղեկավարության հետ համատեղ հայտարարություն ենք տարածել, որ պատրաստ ենք ընդունել միջազգային էկոլոգիական փորձագետների, որպեսզի գան և ստուգեն մեր հանքարդյունաբերությունը: Կարծում ենք, որ այն աշխատում է լավագույն չափանիշներով, և մենք նաև ցանկանում ենք, որ ստուգեն ոչ միայն մեր, այլև ամբողջ տարածաշրջանում հանքարդյունաբերությունը, և ստուգեն մասնագետները, ոչ թե ինչ-որ այսպես կոչված «էկոակտիվիստներ», որոնք, մենք բոլորս պարզեցինք, որ իրական բնապահպան չեն»,- ասել է Վարդանյանը։

Նա հայտնել է, որ նրանց մեծ մասը մարդիկ են, որոնք ծառայում են Ադրբեջանում հատուկ ծառայություններում։ Ի դեպ, եթե Ֆրանսիայում մարդիկ հետաքրքրվեն և ստուգեն, թե վերջին 10 տարում քանի անգամ են բնապահպանական ակցիաներ տեղի ունեցել Ադրբեջանում, մենք կզարմանանք, քանի որ այդ թիվը զրո է։

«Այսպիսով, սա Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված շոու է, և իրականում բնապահպանական շարժում չէ»,- ասել է Վարդանյանը։

Նա նաև մեկնաբանել է ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները, թե նրանք չեն կարողանում կատարել Արցախում իրենց առաքելությունը։

«Գիտեք, ես շատ երկրներում հետևել եմ խաղաղապահների աշխատանքին, օրինակ՝ ֆրանսիացիների, որոնք շատ անգամներ ուղարկվել են Աֆրիկա, և մենք բոլորս գիտենք, որ դա սովորաբար ենթադրում է սահմանափակ թվով զինվորներ, սահմանափակ մանդատ և զենք գործածելու սահմանափակ իրավունքներ։ Ուստի, մի կողմից հասկանալի է ժողովրդի հիասթափությունը, բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է գիտակցենք, որ առանց ավելի լայն մանդատի, առանց ավելի մեծ թվով զինվորների, առանց իրենց տանն ապրող և 35 տարի իրենց անկախության համար պայքարող հայերին պաշտպանելու ավելի հստակ իրավունքների ապագա չի լինի։ Ուստի, կարծում եմ, որ շրջափակումը ցույց տվեց, որ թե որտեղից պետք է ավելի մեծ և ուժեղ մանդատ ստանալ՝ նաև ՄԱԿ-ից»,- ասել է Վարդանյանը։