Բավ է պառակտվել
02-03-2020 15:16

Փորձագետները կանխատեսում են երկու փուլ Արցախի նախագահական ընտրություններում

Երկուշաբթի մամուլի ասուլիսում մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը համակարծիք եղան, որ Արցախում նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով:

2020 թվականի մարտի 31-ին Արցախում կանցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Ուժի մեջ կմտնի նաև նոր Սահմանադրությունը, որը նախատեսում է նախագահի լիազորությունների ընդլայնում:

Քոչարյանը նշեց, որ Արցախում ընթանում է հետաքրքիր քարոզչական շրջան, քանի որ մինչ այդ տեղի են ունեցել փոփոխություններ և ձևավորվել են անսպասելի դաշինքներ:

“Առաջին հերթին դա ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի և պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի դաշինքն է։ Առաջին հայացքից, սա անտրամաբանական դաշինք է, հաշվի առնելով ամենից արևմտամետ թեկնածու համարվող Մայիլյանի և ռուսամետ համարվող ու Զինված ուժերը ներկայացնող Բաբայանի անձերը”,- ասաց նա։

Ուժեղ թեկնածուները

Քոչարյանը նշեց, որ և առաջին և երկրորդ փուլերում հաղթանակի ամենամեծ շանսերն ունի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը։ “Երկրորդ փուլում հետաքրքիր կլինի հետևել, թե ում ձայները կտրվեն Հարությունյանի օգտին, իսկ ումը՝ Մայիլյանի”,- ասաց նա։

Մեդիա փորձագետը նշեց նաև Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ուժեղ դիրքերն, ով, նրա կարծիքով, համարվում է ամենաանցանկալի թեկնածուն Հայաստանի իշխանությունների համար։

Իր հերթին, քաղտեխնոլոգ Հակոբյանը նշեց, որ նույն օրը նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու փաստը մասնակիցներին մանևրելու հնարավորություն է տալիս։

“Սա հնարավորություններ կարող է ստեղծել, որոնք բխելու են որոշակի պայմանավորվածություններից, այլ ոչ միայն զուտ քաղաքական տեսանելի իրողություններից, զարգացումներից”,- ասաց նա:

Քաղտեխնոլոգի կարծիքով, հիմնական պայքարը կծավալվի Հարությունանի, Մայիլյանի, Բալասանյանի և Աշոտ Ղուլյանի (խորհրդարանի խոսնակ՝ խմբ.) միջև։

“Կարծում եմ, որ եթե առաջին փուլում առաջին տեղը զբաղեցնողի հարցը քիչ թե շատ պարզ է, երկրորդ փուլի արդյունքները կարող են լինել անկանխատեսելի, քանի որ կարող են տեղավորվել վիճակագրական անճշտությունների շրջանակում”,- ասել է քաղտեխնոլոգը։

Ապակայունացման վտանգը

Քոչարյանը նաև ասեց, որ կա չորս քաղաքական ուժ, որոնք որոշակի պայմանների դեպքում կարող են գնալ իրավիճակի ապակայունացմանը։

Հարցին, թե ո՞ր ուժերի մասին է խոսքը, մեդիա փորձագետը նշեց, մասնավորապես, Սամվել Բաբայանին, ում շուրջ համախմբվել է ընտրազանգվածի ամենադժգոհ հատվածը։

“Մի մասն այն մարդիկ են, որոնք, այսպես ասած, արյուն են ուզում՝ “պատժել” նախկիններին։ Երկրորդ ուժը Վահան Բադասյանն է, ով շատ մոտ է “Սասնա ծռերի” հետ և աջակցություն է ստանում դրսից, մասնավորապես ԱՄՆ-ից։ Նրա օգտին աշխատում է կեղծ լուրերի փոքրիկ ֆաբրիկա, որն աշխատել էր 2016թ․Երևանում “Սասնա ծռերի” կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ”, - ասաց նա։

Քոչարյանը նշեց նաև Հայկ Խանումյանին, ով մասնակցել է բողոքի ցույցերի կազմակերպմանը։

“Ինձ համար անհասկանալի է “Արցախի Հեղափոխական կուսակցության” դիրքորոշումը, որը պահանջում է Բակո Սահակյանի հրաժարականը՝ չնայած նա մեկ ամսից այսպես թե այնպես նախագահ չի լինի։ Սրանք են դեռևս այն ուժերը, որոնք կարող են դուրս գալ փողոց և որոշակի անկարգություններ կազմակերպել”,- ասաց փորձագետը։

Ընդ որում, Հակոբյանը նշեց, որ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում շահագռգռված են, որ չլինեն ապակայունացնող գործոններ։

“Հարկ է փաստել, որ որքան էլ տեղական չթվան այս ընտրությունները, հաշվի առելով Արցախի բացառիկ աշխարհագրական դիրքը, դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում աշխարհաքաղաքական կարևոր կենտրոնների մոտ։ Այդ առումով հնարավոր են տարբեր զարգացումներ, ազդեցություններ, այդ թվում նաև՝ դրսից”,- ասաց նա:

ԿԸՀ տվյալները

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, նախագահական աթոռի համար նախատեսում է պայքարել 14 մարդ, իսկ խորհրդարանում տեղերի համար՝ 10 կուսակցություն և երկու քաղաքական դաշինք:

Նախագահի պաշտոնում են առաջադրվում՝ Ռուսլան Իսրայելյան (“Անկախության Սերունդ” կուսակցություն), Վիտալի Բալասանյան (“Արդարություն” կուսակցություն), Դավիթ Բաբայան (“Արցախի Պահպանողական կուսակցություն”), Դավիթ Իշխանյան (ՀՅԴ), Աշոտ Ղուլյան (“Արցախի ժողովրդավարական կուսակցություն”), Հայկ Խանումյան (“Ազգային վերածնունդ” կուսակցություն), Արայիկ Հարությունյան («Ազատ հայրենիք-ՔՄԴ” կուսակցությունների դաշինք), Վահան Բադասյան (“Միացյալ Հայաստան” կուսակցություն), ինչպես նաև ինքնաառաջադրված անձինք՝ Մասիս Մայիլյան, Սերգեյ Ամիրյան, Քրիստին Բալայան, Բելլա Լալայան, Մելսիկ Պողոսյան և Աշոտ Դադայան:

Խորհրդարանական ընտրություններին նախատեսում են մասնակցել․ “Ազատ հայրենիք - ՔՄԴ կուսակցությունների դաշինքը, “Նոր Արցախ” դաշինքը, “Միասնական հայրենիք” կուսակցությունը, “Ազգային հայրենիք” կուսակցությունը, ՀՅԴ “Դաշնակցությունը”, “Արդարություն” կուսակցությունը, “Անկախության սերունդ” կուսակցությունը, “Արցախի պահպանողական կուսակցությունը”, “Արցախի ժողովրդավարական կուսակցությունը”, “Միացյալ Հայաստան” կուսակցությունը, “Արցախի հեղափոխական կուսակցությունը”, “Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը”: