Բավ է պառակտվել
29-04-2022 19:01

Ստեփանակերտի գազամատակարարումը կվերսկսվի․ «Արցախգազ»-ը հայտարարել է ժամկետները

«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 20:00 սահմաններում, հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն։
Նշվում է, որ մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։
Ստեփանակերտի և գազալցակայանների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է ապրիլի 27-ին՝ Արցախի մայրաքաղաքի գազատարի վերանորոգման աշխատանքների պատճառով։ Նախնական հաշվարկներով՝ աշխատանքները պետք է ավարտվեին ապրիլի 28-ին, ժամը 18:00-ի սահմաններում։

Հիշեցնենք, որ մարտին Արցախի բնակչությունը երկու անգամ զրկվել էր գազամատակարարումից։

Մարտի 8-ի գիշերը Արցախի բնակիչները զրկվել էին բնական գազից, որը մատակարարվում է Հայաստանից Արցախ միակ գազատարով։ Պատճառը Ադրբեջանի կողմից վերահսկվող Շուշիի տարածքում գազամուղի վթարն էր։ 10 օրից ավելի ադրբեջանական կողմը խոչընդոտում էր վթարի տարածքում վերականգնողական աշխատանքներին ու տարածքի ականազերծմանը։

Ռուսական խաղաղապահ զորամիավորման մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում գազի մատակարարումը վերականգնվեց մարտի 19-ին, սակայն մարտի 21-ին կրկին դադարեցվեց։ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ ադրբեջանական կողմը խողովակի վրա փական է տեղադրել, որի միջոցով էլ անջատել է գազը։

Սաստիկ ցրտի պայմաններում արցախցիները մնացել էին առանց գազի և ջեռուցման, եղել են հոսանքազրկումներ, իսկ դպրոցների արձակուրդները սկսվել են նախատեսվածից շուտ։ Մարտի 28-ին հայտնի դարձավ հանրապետության գազամատակարարումը վերականգնելու մասին։