Բավ է պառակտվել
19-03-2022 13:07

Արցախի գազամատակարարումը վերականգնվել է, բնակչությունը 11 օր բացառիկ ցուրտ եղանակին զրկված էր ջեռուցումից

Վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքներն ավարտվել են, իսկ մարտի 19-ի գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ, հայտնել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
«Հիմա արդեն բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում:
Բեգլարյանի խոսքով՝ Արցախի բնակչությունն արդեն կկարողանան այս բացառիկ ցուրտ եղանակին հաղթահարել իրենց ջեռուցման ու այլ հիմնախնդիրները:
«Հատկանշական է, որ այսօր Ստեփանակերտում շուրջ 30-40 սմ ձյուն է նստել, իսկ Արցախի այլ բնակավայրերում՝ նույնիսկ ավելի շատ, ինչը բացառիկ է մարտ ամսվա համար: Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունը զրկված էր բնական գազից ավելի քան 11 օր՝ ադրբեջանական արհեստական ու դիտավորյալ խոչընդոտների պատճառով»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը (Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող) Շուշիի շրջանի տեղամասում գազատարի խափանման պատճառով դադարեցվել էր Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման և հարակից տարածքի ականազերծման աշխատանքները։ Նրանց հետ բանակցություններ էին վարում Արցախի Անվտանգության խորհրդի ապարատի աշխատակիցները՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Մարտի 19-ին վերանորոգման աշխատանքներից հետո Արցախի գազամատակարարումը վերականգնվեց։