Ստեփանակերտը գազամատակարարող գազատարի վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով երկարաձգվել են, իսկ Արցախի մայրաքաղաքի և գազալցակայանների գազամատակարարումը դեռևս չի վերականգնվել, հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն։
Ստեփանակերտի և գազալցակայանների գազամատակարարումը նախօրեին ժամանակավորապես դադարեցվել էր Արցախի մայրաքաղաքի գազատարի վերանորոգման աշխատանքների պատճառով։ Նախնական հաշվարկներով՝ աշխատանքները պետք է ավարտվեին ապրիլի 28-ին, ժամը 18:00-ի սահմաններում։
«Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետներն անում են հնարավորը գազամատակարարումը շուտափույթ վերականգնելու համար։ Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք բաժանորդների ներողամտությունը»,- Գերատեսչության հաղորդագրությունն է մեջբերում Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ մարտին Արցախի բնակչությունը երկու անգամ զրկվել էր գազամատակարարումից։
Մարտի 8-ի գիշերը Արցախի բնակիչները զրկվել էին բնական գազից, որը մատակարարվում է Հայաստանից Արցախ միակ գազատարով։ Պատճառը Ադրբեջանի կողմից վերահսկվող Շուշիի տարածքում գազամուղի վթարն էր։ 10 օրից ավելի ադրբեջանական կողմը խոչընդոտում էր վթարի տարածքում վերականգնողական աշխատանքներին ու տարածքի ականազերծմանը։
Ռուսական խաղաղապահ զորամիավորման մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում գազի մատակարարումը վերականգնվեց մարտի 19-ին, սակայն մարտի 21-ին կրկին դադարեցվեց։ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ ադրբեջանական կողմը խողովակի վրա փական է տեղադրել, որի միջոցով էլ անջատել է գազը։
Սաստիկ ցրտի պայմաններում արցախցիները մնացել էին առանց գազի և ջեռուցման, եղել են հոսանքազրկումներ, իսկ դպրոցների արձակուրդները սկսվել են նախատեսվածից շուտ։ Մարտի 28-ին հայտնի դարձավ հանրապետության գազամատակարարումը վերականգնելու մասին։