Բավ է պառակտվել
02-03-2023 11:24

ԵԽ գլխավոր քարտուղարը վստահեցնում է, որ շարունակելու է նպաստել Լաչինի վերաբերյալ Ստրասբուրգի սահմանված միջոցառումների իրականացմանը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է պատգամավոր Թագուհի Թովմասյանի նամակին, ով տեղեկացրել էր միջազգային գործընկերներին, որ Ադրբեջանը չի կատարում ՄԱԿ-ի դատարանի պահանջը, այն է՝ երաշխավորել Բերձորի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը։
Թովմասյանի կողմից սոցցանցերում հրապարակված պատասխան հաղորդագրության մեջ ԵԽ գլխավոր քարտուղարը հավաստիացնում է, որ «օգտագործում է բոլոր հասանելի հնարավորությունները՝ վճռականորեն խրախուսելու Հայաստանին և Ադրբեջանին՝ լիարժեքորեն հավատարիմ մնալ երկխոսությանը և առաջնահերթ լուծել կոնֆլիկտին առնչվող՝ մարդու իրավունքների և հումանիտար բոլոր առկա խնդիրները»։
Բուրիչն ասել է, որ «կշարունակի նպաստել Լաչինի միջանցքի և հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի (ՄԻԵԴ - խմբ.) սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը»։
«Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ջանքերին կողմերի միջև վստահության կառուցման գործիքակազմով՝ նպատակ հետապնդելով հասնել կայուն խաղաղության տարածաշրջանում», – եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը։
Թովմասյանն իր կողմից հավելել է, որ ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի որոշումը ենթակա է պարտադիր կատարման, սակայն, ցավոք, այն չի կատարվել մինչ օրս: