Բավ է պառակտվել
13-08-2019 11:47

Արցախի ԱԳՆ ղեկավարը չի բացառել իր մասնակցությունը 2020թ ընտրություններին

Արցախի Հանրապետության նախարար Մասիս Մայիլյանը չի բացառել իր ակտիվ մասնակցությունը 2020 թվականին կայանալիք ընտրություններին։

“Հնարավորինս հետևում եմ ներարցախյան քաղաքական զարգացումներին և առաջիկա տեղական ինքնավարության մարմինների ու համապետական ընտրությունների հետ կապված իրավիճակին”․- գրել է Մայիլյանն իր ֆեկսբուքյան էջում։

Նա կարծում է, որ ներկայումս ստեղծվել է օրինակելի ընտրություններ անցկացնելու բացառիկ հնարավորություն, և պատրաստ է ամեն ինչով նպաստել այդ ընտրությունների շուրջ դիվանագիտական առավել բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։

Մայիլյանը որոշել է չանտեսել համապետական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին բազմաթիվ հարցերն ու հարցումներն, որոնք հաճախ հնչում են Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից։

“Մեկ անգամ ևս հավաստելով մեր երկրի անվտանգ, ապահով, քաղաքակիրթ ու ժողովրդավարական լավագույն ապագայի հանդեպ իմ խիստ շահագրգռված լինելը և այդ ապագայի կերտման գործում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու իմ սկզբունքային պատրաստակամությունը՝ ուզում եմ տեղեկացնել, որ մտածում եմ այդ ուղղությամբ, պարբերաբար հետևում եմ հասարակական կարծիքի դրսևորումներին, մարդկանց իղձերին ու տրամադրություններին և ձգտելու եմ առավելագույնս օգտակար լինել այդ իղձերի իրականացմանը”,- գրել է նախարարը։