Բավ է պառակտվել
02-09-2022 18:40

Արցախի ԱԳՆ ղեկավարը քաղաքական խորհրդակցություններ կանցկացնի Վաշինգտոնում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կայցելի Վաշինգտոն, որտեղ խորհրդակցություններ կանցկացնի ամերիկացի քաղաքական գործիչների հետ, հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA):

Բաբայանի այցի օրակարգում է մասնակցությունը Կոնգրեսի ճեպազրույցներին, վերլուծական կենտրոնների կլոր սեղաններին, համալսարանական դասախոսություններին և հասարակական գործիչների հետ հանդիպումներին, ինչպես նաև ANCA-ի Դաշնային քաղաքականության սեմինարին:

Նախարարը ելույթ կունենա Վուդրո Վիլսոնի թանգարանում անցկացվելիք Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված ANCA -ի միջոցառմանը։

Նա կլինի գլխավոր բանախոս «Կապիտոլիումի բլուրը ողջունում է Արցախի անկախությունը» միջոցառմանը, որը կազմակերպվել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի հետ համատեղ և տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է նախարար Բաբայանի խորհրդակցությունները Վաշինգտոնում ամերիկացի քաղաքական գործիչների և արտաքին քաղաքականության շահագրգիռ կողմերի հետ, ինչը բովանդակալից ներդրում է Արցախի Հանրապետության կարգավիճակի և անվտանգության հարցում ԱՄՆ-ի կառուցողական ներգրավվածության գործում:

«Արցախի ձայնը՝ Վաշինգտոնում և համաշխարհային հարթակում, մարմնավորում է հայ ազգի աննկուն վճռականությունը, հարատև ժողովրդական ձգտումները՝ համբերելու, գոյատևելու և խավարի ու բռնապետության ուժերի դեմ համաշխարհային ազատագրության»,- ընդգծել է Համբարյանը։