Բավ է պառակտվել
13-04-2021 19:26

Արցախի արտգործնախարարն անընդունելի է համարում խաղաղ համաձայնության հասնելու Ալիևի պայմանները

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը «Նովոստի-Արմենիա» գործակալության համար մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետագա զարգացումների վերաբերյալ:

Ապրիլի 13-ին Ալիևը հայտարարել է, որ չի բացառվում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունը, «եթե Հայաստանի կողմից լինեն դրական ազդակներ»: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակում է մնալ փխրուն: Ալիևը նաև ասել է, որ տարածաշրջանում հետագա խաղաղ կյանք հաստատելու առաջարկներ է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբից։

«Նա (Ալիևը) առաջարկում է հաշտության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, բայց հարց է առաջանում՝ ի՞նչ գնով, ո՞րն է պայմանագրի առարկան, ի՞նչ պայմաններով կարող է կնքվել», - հարց է տալիս Արցախի ԱԳՆ ղեկավարը:

Ըստ Բաբայանի, Ալիևի պայմանները պարզ են, չնայած նա դա ուղղակիորեն չի ասում:

«Նա (Ալիևը) ասում է, որ մենք պետք է հրաժարվենք Ղարաբաղից, հավակնություններ է ներկայացնում Սյունիքի նկատմամբ: Եթե պայմաններն այդպիսին են, ապա ստացվում է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ հայկական պետականության խաղաղ ապամոնտաժում: Դա անընդունելի է», - ասել է Բաբայանը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա դերակատարությանը, Արցախի նախարարը շեշտել է, որ հայկական կողմը միշտ եղել է Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո կարգավորման գործընթացի շարունակման կողմնակից:

«Սակայն Ալիևը հակասական հայտարարություններ է անում. նա մեկ խոսում է Մինսկի խմբի հետ աշխատելու իր պատրաստակամության մասին, ապա վիրավորում է համանախագահներին», - ասել է Բաբայանը:

Ըստ նրա՝ Ալիևի ասածներն ու արածները բոլորովին տարբեր բաներ են: «Սակայն այստեղ կարելի է տեսնել որոշակի տրամաբանություն. Ալիևն ասում է միայն իր մտածածի մի մասը և անում իր ասածի մի մասն», - ասել է նախարարը:

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Ալիևը Զանգեզուրը (Հայաստանի Սյունիքի մարզ) և Երևանն անվանել է «Ադրբեջանի պատմական տարածքներ»: «Ես վրիպում թույլ տվեցի, մենք կվերադառնանք այնտեղ: Ես չասացի, որ տանկերով կվերադառնանք այնտեղ: Ես ասացի, որ կվերադառնանք: Սա նշանակում է՝ իսկ ինչո՞ւ ոչ: Եթե վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այս ուղին, ինչո՞ւ չվերադառնար Իրևան», - ասել է Ալիևը:

Մի փոքր ավելի վաղ նա ասել էր, որ Ադրբեջանը «Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի»:

Մարտի սկզբին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները, չի ենթադրում Ադրբեջանից Զանգեզուրի (Սյունիք) միջով միջանցքի բացում դեպի Թուրքիա: