Միայն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ և արդար խաղաղության ու կայունության հաստատման համար։ Այս մասին «Արցախպրես» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։
«Մենք պատրաստ ենք հակամարտության համապարփակ և փոխընդունելի լուծման շուրջ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով, կողմերի իրավահավասարության և պարտավորությունների իրականացման միջազգային ամուր երաշխիքների հիման վրա»,- ասել է նա։
Ղազարյանը նաև նշել է, որ նախքան հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորման ուղղությամբ լիարժեք ձևաչափով բանակցությունների համար պայմանների ստեղծումը՝ նպատակահարմար է հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ երկխոսության հաստատումը Ստեփանակերտի և Բաքվի միջև, որը սակայն չպետք է և չի կարող փոխարինել քաղաքական հարցերի շուրջ բանակցություններին։
Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, սահմանազատումը և սահմանագծումը չեն կարող կանխորոշել ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծումը և Արցախի վերջնական կարգավիճակը։
«Միևնույն ժամանակ առանց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ասել է թե՝ կիսատ մոտեցմամբ հնարավոր չէ պատկերացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորումն ու կայուն խաղաղության հաստատումը: Չնայած առկա դժվարություններին՝ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն իր հերթին շարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից»,- ասել է նա։
Ղազարյանի խոսքով, եթե այսօր հնարավոր չէ հասնել Արցախի կարգավիճակի շուրջ բանակցային լուծման, ապա պետք է ընդունել այս խնդրի առկայությունը և հետաձգել որոշման ընդունումը մինչև դրա համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ միաժամանակ այդ ընթացքում ապահովելով Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնիշխանության արդյունավետ և հուսալի միջազգային երաշխիքներ։