Բավ է պառակտվել
01-04-2022 19:32

Քարագլխի հիմնական բարձրունքը Արցախի վերահսկողության տակ է, բայց որոշ կարևոր բարձրունքներ վերահսկում է Ադրբեջանի զինուժը․ Հարությունյան (լուսանկարներ, տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստն՝ ընդլայնված կազմով, հայտնում է Արցախի նախագահի գլխավոր տեղեկատվական վարչությունը։

Բացման խոսքում երկրի ղեկավարը, նախ, նշել է, որ վերջին օրերին Անվտանգության խորհրդի նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և հատկապես Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներով:

Անդրադառնալով կատարվածին և անելիքներին՝ նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության բանակին, ուժային մյուս կառույցներին և կամավորականներին, որոնք կարճ ժամանակահատվածում հասցրել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:
«Մենք հասկանում ենք, որ նրանց (ադրբեջանական զինուժի՝ խմբ․) նպատակն ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել: Պետք է արձանագրենք, որ Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբևէ չենք փոխելու»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի կողմից հրահրված այդ սադրանքի նպատակը եղել է առաջին հերթին ռուսական խաղաղապահ ուժերի դերակատարությունը վարկաբեկելը:


«Մենք համարում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, չհաշված այդ դրվագը»,- ասել է Հարությունյանը:
Այնուամենայնիվ, հանրապետության նախագահը շեշտել է, որ պետք է զգոնությունը պահել բարձր մակարդակի վրա մինչև վստահ լինելը, որ Ադրբեջանը նման սադրանքների էլ չի գնալու:
«Դրա համար հետագայում մենք մեր ինքնապաշտպանության առումով շատ ավելի արմատական և վճռական քայլեր ենք իրականացնելու»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Լարվածության սրացում Արցախում

Մարտի 24-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները ներխուժել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել են առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում։
Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարք։ Մարտի 26-ին հակառակորդը Արցախի արևելյան սահմաններում առաջխաղացման նոր փորձ է ձեռնարկել. Հակառակորդը կրել է մեծ կորուստներ, հայկական կողմն ունի երեք զոհ և 15 վիրավոր։

Մարտի 28-ի գիշերը Արցախի ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում, օրվա ընթացքում դիրքային փոփոխություներ չեն եղել։ :Շարունակվում է աշխատանքը ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ ադրբեջանական զինված ուժերն իրենց ելման դիրքեր վերադարձնելու նպատակով: