Բավ է պառակտվել
17-12-2022 20:57

Պայքարել կամ հեռանալ. Արցախի պետնախարարը նշել է Ադրբեջանի նպատակները և նախանշել երկու սցենար

Արցախի պետ​​նախարար Ռուբեն Վարդանյանը Մարտակերտի շրջանի բնակիչների հետ հանդիպմանը հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված երկու սցենար է նախանշել։

Նրա խոսքով, Ադրբեջանը հետևողականորեն փորձում է խուճապ ստեղծել և ճնշում գործադրել Արցախի ժողովրդի վրա, որպեսզի մարդիկ հեռանան այստեղից։ «Օգտագործում են այսպես կոչված «սալյամիի տակտիկա», կտոր-կտոր «պոկելով» մեր երկրից, Ադրբեջանի նպատակներից մեկն էլ այս գործարանի աշխատանքը դադարեցնելն է, քանի որ այն մարդկանց եկամուտ և աշխատանք է ապահովում»,- ասաց Վարդանյանը «Բեյզ Մեթըլս»-ի (շահագործում է Կաշենսկի հանքավայրը) ղեկավարության հետ հանդիպմանը։

Նա նշեց, որ այս իրավիճակում երկու սցենար կա։

«Առաջինը պայքարելն է։ Պետք է խոստովանել, որ նոյեմբերի 9-ից հետո մենք խաղաղություն չունենք, իրականում պատերազմը շարունակվում է։ Տեղեկատվական լուրջ պատերազմ է ընթանում՝ նրանք (ադրբեջանցիները) ցանկանում են ողջ աշխարհին համոզել բնապահպանական խնդրի առկայության մեջ, բայց իրականում կա շրջափակում, հումանիտար ճգնաժամ։ Այս պատերազմում հաղթելու համար մենք պետք է համախմբվենք և ամեն ինչ անենք, որպեսզի մեր դաշնակիցները զգան, որ մենք ուժեղ ենք։ Օգնության հույս կարող ես ունենալ միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ ինքդ ես արել, այլ ոչ թե ասել՝ թույլ եմ, փոքր եմ, օգնիր ինձ»,- ընդգծել է Վարդանյանը։

Ինչպես նշել է պետնախարարը, երկրորդ սցենարը, որի մասին երազում է Ադրբեջանը, այստեղից մեր հեռանալն է, ինչն անընդունելի է։

«Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա: Պատերազմը շարունակվում է, և այս իրավիճակում մենք պետք է կարողանանք կազմակերպված դիմակայել: Պետք է խելացի լուծումներ գտնենք և պատրաստ լինենք մարտի: Ես եկել եմ այստեղ կռվելու և հաղթելու ձեզ հետ միասին. կերտենք մեր կյանքն ու ապագան անկախ, ապահով Արցախում»,- ասել է Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ Արցախն առաջին անգամ է հայտնվել լիակատար շրջափակման պայմաններում, սակայն դա չի կոտրել արցախցիների կամքն ու ոգին։

Ի պատասխան՝ հանրահավաքի մասնակիցները վստահեցրել են, որ ամուր կանգնած են իրենց հողի վրա և պատրաստ են ամեն ինչ անել իրենց տունն ու հայրենիքը պաշտպանելու համար։

Լաչինի միջանցքում և Արցախում տիրող իրավիճակի մասին

Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը փաստացի շրջափակման մեջ է, խախտվել են երկրի 120 հազար բնակչի իրավունքները։ Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, իբր «էկոլոգիական նկատառումներով» ադրբեջանական կողմի կողմից ամբողջությամբ փակ է մնում։ Արդյունքում ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախ գազամատակարարումը, ինչի արդյունքում հանրապետությունը անցել է ռեսուրսների առավելագույն խնայողության ռեժիմի՝ բենզինի, դիզվառելիքի և գազի դեֆիցիտի պատճառով։ Գազամատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։