Բավ է պառակտվել
24-12-2022 19:02

Արցախի պետնախարարը՝ Ադրբեջանի շրջափակման. օդային միջանցքի անհրաժեշտության և խաղաղության ճանապարհի որոնման մասին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել ֆրանսիական Marianne և La Vie հրատարակություններին, ներկայացնելով Ադրբեջանի կողմից հանրապետության շարունակվող 13-օրյա շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հնչեցրել դրա լուծման ուղիների իր տեսլականը, տեղեկացնում է պետնախարարի գրասենյակի մամլո ծառայությունը։

Marianne-ին տված հարցազրույցում նա նշել է, որ միայն միջազգային ճնշումը կարող է մանդատ տալ ռուս խաղաղապահներին և ստիպել մարդասիրական օդային միջանցք բացել Արցախի բնակչության սննդի և դեղորայքի կարիքները բավարարելու համար։

«Խնդիրն այն է, որ մենք բոլոր կողմերից արգելափակված ենք Ադրբեջանի կողմից, որը միշտ պատրվակ կգտնի փակելու ճանապարհը և թույլ չի տա մեզ ապրել։ Ստեփանակերտի օդանավակայանն այժմ չի գործում Ադրբեջանի սպառնալիքների պատճառով, սակայն լիովին պատրաստ է շահագործման։ Եվ մենք հուսով ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան կկարողանան համաձայնության գալ և ճնշում գործադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմի վրա»,- ասել է նա՝ խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների մասին։

Վարդանյանի խոսքով, «աշխարհը պետք է իմանա, որ Արցախի ժողովուրդը շատ ուժեղ է ու միասնական, բայց պետք է զգա, որ մենակ չէ մարդկության համար այս պայքարում»։

Խոսելով ադրբեջանական կողմի առաջ քաշած կեղծ բնապահպանական պահանջների մասին՝ Արցախի պետնախարարն ասել է, որ եթե բնապահպանությունն իսկապես անհանգստացնում է Բաքվին, ապա Արցախը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի կողմից պատվիրակված բնապահպանական փորձագետների միջազգային հանձնաժողովը, որը կկարողանա ստուգում անցկացնել։

La Vie-ին տված հարցազրույցում, ի պատասխան հարցին, թե ինչպես է միջազգային հանրությունը արձագանքում ստեղծված իրավիճակին, Վարդանյանը նշել է, որ ականատես ենք երկակի ստանդարտների վառ օրինակի։

«Մեզ վրա հարձակվել է ավտորիտար, ոչ ժողովրդավարական ռեժիմը, որը չի հարգում մարդու իրավունքները իր երկրում, լռեցնում է մամուլի ձայնը, ներգրավված է փողերի լվացման և կոռուպցիայի մեջ համաշխարհային մասշտաբով… Բայց այս ռեժիմը որևէ պատժամիջոցների չի ենթարկվել, իսկ միջազգային լրատվամիջոցներն ու հանրությունը, հիմնականում, լռում են։ Այս անտարբերությունը մեզ սարսափեցնում է»,- շեշտել է նա։

Հարցին, թե հնարավո՞ր է խաղաղություն Ադրբեջանի հետ, Արցախի պետնախարարն ասել է, որ երկու ժողովուրդների միջև շատ բռնություններն ու մահեր են եղել, իսկ ադրբեջանական դպրոցներում տարիներ շարունակ հայերի նկատմամբ ատելություն է սերմանվել։

«Խաղաղության ուղի գտնելը քայլ առ քայլ, երկար գործընթաց է լինելու»,- ասել է նա։

Վարդանյանը, դիմելով Ֆրանսիային, հիշեցրել է, որ ցեղասպանությունից հետո երկիրը եղբայրական վերաբերմունք է դրսևորել հայերի նկատմամբ։

«Ես պարզապես ուզում եմ ֆրանսիացիներին ասել՝ թույլ մի տվեք, որ ողբերգությունը տեղի ունենա երկրորդ անգամ: Մի բավարարվեք հետագայում մեզ օգնության ձեռք մեկնելով, կանխեք այն, ինչ կարող է պատահել: Միշտ ավելի լավ է խուսափել աղետներից, քան ստիպված լինել կառավարել դրանք...»,- ամփոփել է Արցախի պետական ​​նախարարը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նպատակ ունի Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծել
Արցախի պետնախարարը կոչ է արել առավելագույն կազմակերպվածություն ցուցաբերել Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում
Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Արցախում ձեռնարկություններ են փակվում
Լաչինի միջանցքի շրջափակումը Բաքվի ցեղասպան քաղաքականության դրսևորումն է․ Արցախի ԱԳՆ
Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին (թարմացված)