Բավ է պառակտվել
17-12-2022 18:42

Արցախի պետնախարարը կոչ է արել առավելագույն կազմակերպվածություն ցուցաբերել Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում

Արցախի պետ​​նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շաբաթ օրը հրավիրել է ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ։

Պետնախարարը նշել է, որ չնայած գազամատակարարման վերականգնմանը, Ադրբեջանը շարունակում է փակ պահել Հայաստանը Արցախի հետ կապող միակ ճանապարհը։

«Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք գտնվել շրջափակման մեջ ու պետք է սովորենք այս իրավիճակում առանց խուճապի ապրել։ Դրա համար, չեմ դադարում ասել, մենք պետք է լինենք առավելագույնս կազմակերպված ու կարգապահ։ Այս առիթը պետք է օգտագործել հանրային համերաշխության, իրար սատար կանգնելու համար: Սա նաև լավ հնարավորություն է, որպեսզի զգանք թե ինչ հնարավորություն ունենք համակարգային մոտեցումների ներդրման շնորհիվ բացթողումները շտկելու համար», - ընդգծել է Վարդանյանը:

Պետնախարարը կարևորել է բնակչության առաջնահերթ կարիքներին օպերատիվ արձագանքելու անհրաժեշտությունը։

Քննարկվել է պարենային ապրանքների և դեղորայքի շուկաներում ներկա իրավիճակը։ Վարդանյանը իրավասու մարմիններին հանձնարարել է շարունակել շուկայի դիտարկումները և արձագանքել անհիմն գնաճի դրսևորումներին։

Ներկայացվել է նաև Արցախում դրամաշրջանառության և մասնավորապես,կանխիկ գումարի ծավալի հետ կապված իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է անկանխիկ գործարքների ակտիվացման անհրաժեշտությունը։ Պետնախարարը հանձնարարել է պատասխանատուներին ուշադիր ուսումնասիրել խնդիրը և լուծումներ առաջարկել։

Խորհրդակցությանը ներկայացվել է էլեկտրաէներգիայի մատակարարումների ներկա վիճակը և էներգահամակարգի բնականոն գործունեությանն ուղղված գործողությունները։ Հանդիպման մյուս մասնակիցները նույնպես զեկուցել են իրենց պատասխանատվության ոլորտներում առկա իրավիճակի մասին։