Բավ է պառակտվել
15-11-2022 22:25

Պետնախարար Վարդանյանը՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի մասին. արցախահայության պայքարը մի օր կհասնի իր նպատակին

Արցախի պետ​​նախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի համար կարևոր բանաձև ընդունելու համար։

«Հատուկ շնորհակալություն սենատորներ Բրունո Ռետայոյին, Քրիստիան Կամբոնին, Պատրիկ Քաներին, Էրվե Մարսելին, Էլիան Ասասիին և Ժիլբեր-Լյուկ Դևինազին բանաձևը ներկայացնելու համար», - գրել է նա իր տելեգրամյան ալիքում։

Վարդանյանը նշել է, որ բանաձևը շատ կարևոր ձևակերպումներ է պարունակում Արցախի սուբյեկտիվության տեսանկյունից։

«Փաստաթուղթը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը բանակցային գործիքի վերածելու անհրաժեշտությունը՝ կայուն խաղաղություն հաստատելու համար։ Բանաձևում ընդգծվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը երաշխավորված չէ Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Սրանք այն կետերն են, որոնք կարևոր են Արցախի և արցախահայության ապագայի համար»,- ընդգծել է նա։

Պետնախարարը նշել է նաև, որ արցախահայության արդար պայքարը հայրենիքում ապահով և արժանապատիվ կյանքի համար մի օր կհասնի իր նպատակին հայ ժողովրդի վճռականության և մեր ընկերների աջակցության շնորհիվ։

Ֆրանսիայի Սենատի բանաձևի մասին

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն հավանություն է տվել բանաձևին, որով պահանջում է անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքներից։ Բանաձևը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ կապված Հայաստանի դեմ սեպտեմբերյան ագրեսիայի հետ, ինչպես նաև կոչ է անում Բաքվին երաշխավորել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարումը։

Սենատը նաև խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաև բոլոր միջոցներով ցույց տալ Փարիզի աջակցությունը Հայաստանին՝ քննարկելով Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը։