Բավ է պառակտվել
08-12-2022 12:14

Փարիզը միշտ կլինի Արցախի և նրա ժողովրդի կողքին. Իդալգոն՝ Հարությունյանին

Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն վստահեցրել է, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որ Փարիզը միշտ կլինի Արցախի և նրա ժողովրդի կողքին՝ պաշտպանելով նրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքները: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:

Հարությունյանը բարձր է գնահատել Անն Իդալգոի ջանքերը՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, անկախության միջազգային ճանաչման համար պայքարին սատարմանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևի օգտին քվեարկելու համար:

Նախագահն ընդգծել է, որ միջազգային հարաբերությունների զարգացումը Արցախի համար շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրներից մեկը: Այդ համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է Ֆրանսիայի վարչական շրջանների և քաղաքների հետ ունեցած ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու են դինամիկ կերպով: