Բավ է պառակտվել
04-02-2021 17:35

Բանակցություններ են տարվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելութան Ղարաբաղ այցի շուտափույթ կազմակերպման ուղղությամբ․ Զախարովա

Ներկայումս բանակցություններ են տարվումՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելութան Ղարաբաղ այցի կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Հայաստանի հանրային հեռուստատեսությունը հարց էր ուղղել Զախարովային Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական հուշարձանների մասին, որոնէ ենթարկվում են վանդալիզմի։

«Որքանով ինձ է հայտնի, այժմ հենց բանակցություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելութան այցի կազմակերպման ուղղությամբ։ Մենք հույս ունենք, որ այն տեղի կունենա մոտ ապագայում և կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչպես նաև արդյունավետ կլինի ձեր կողմից հիշատակված խնդիրների լուծման համար»,- ասել է Մարիա Զախարովան։
Նշենք, որ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են մնում հայկական պատմության և մշակույթի առնվազն 1456 անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք, եկեղեցի, 591 խաչքար, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի հնագույն հուշարձանները, Կերենի հնություններիը և բազմաթիվ բերդեր, դղյակներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ, ութ պետական թանգարան՝ 19 311 ցուցանմուշներով, ինչպես նաև գորգերի մասնավոր թանգարաններն ու հայկական դրամի թանգարանը Շուշիում:

Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցում ներկայացվել են ադրբեջանական ագրեսիայի ընթացքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի մի շարք փաստեր՝ նույնիսկ հրադադարից հետո, ներառյալ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և «Կանաչ ժամ»տաճարների վրա դիտավորյալ հարձակումների և վանդալիզմի դեպքերը:
Օմբուդսմենը շեշտել է նաև, որ Ադրբեջանը վարում է կանխամտածված քաղաքականություն`տարածելու ապատեղեկատվություն Արցախի հայկական մշակութային ժառանգության և մշակութային հուշարձանների «ալբանացման» մասին, ինչն ուղղակի սպառնալիք է հայկական մշակութային ժառանգությանը: