Բավ է պառակտվել
25-11-2022 10:54

Լեմկինի ինստիտուտ. Արցախի ժողովուրդն արժանի է այն բանին, որ միջազգային հանրությունը լրջորեն վերաբերվի ինքնորոշման նրանց պահանջներին

Արցախի ժողովուրդն արժանի է, որ որ միջազգային հանրությունը լրջորեն վերաբերվի ինքնորոշման նրանց պահանջներին։ Այս մասին ասվում է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտի հայտարարության մեջ։

«Ինքնորոշման իրավունքը միջազգային իրավական համակարգի հիմնարար իրավունքներից մեկն է՝ պետությունների հավասար ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ մեկտեղ։ Ինքնորոշման հիմնարար իրավունքը չպետք է դառնա ևս մեկ իրավական ֆիկցիա. դրա փոխարեն այն պետք է ընկալվի որպես կայուն միջազգային խաղաղության և անվտանգության էական տարր»,- շեշտում են փաստաթղթի հեղինակները։

Հայտարարության մեջ նշվում է, որ միջազգային հանրության շատ անդամներ թյուրիմացաբար կարծում են, որ 2020 թվականին հայերի կրած տարածքային կորուստների պատճառով Արցախը պարզապես պետք է «տրվի»՝ հանձնվի Ադրբեջանին։

«Իրականում, շատ արևմտյան կառավարություններ, կարծես, առաջ են տանում մի քաղաքականություն, որը կհանգեցնի նրան, որ Ադրբեջանը վերահսկողություն կհահստատի Արցախի նկատմամբ հանուն «խաղաղության» և «բարեկեցության», երկու տերմինի, որոնք բազմիցս օգտագործվել են ԱՄՆ պաշտոնյաների կողմից նոյեմբերի 16-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «ԱՄՆ քաղաքականության գնահատումը Կովկասում» թեմայով լսումների ժամանակ։ Այս արևմտյան տեսակետի աղբյուրը կրկին Թուրքիային հաճոյանալու և կովկասյան նավթի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի ռազմավարական դիրքերին հասանելիություն ձեռք բերելու ցանկությունն է։ Նման տեսակետը ժխտում է Արցախի ինքնորոշման օրինական իրավունքը և սպառնում է հանցավոր համաձայնության գալ ցեղասպան պետության հետ»,- նշում են հայտարարության հեղինակները։

Փաստաթղթում ընդգծվում է, որ արևմտյան աշխարհը և հատկապես ՆԱՏՕ-ն չեն հասկանում, որ Արցախը «զիջելը» կնշանակի հայերի դեմ ցեղասպանության թողտվություն՝ հայերի բռնի տեղահանում և հալածանքներ, համատարած ոճրագործություններ, մշակութային ժառանգության ոչնչացում և վերջին տասնամյակների ընթացքում կովկասյան տարածաշրջանում ամենամեծ հումանիտար ճգնաժամերից մեկը, այդ թվում՝ փախստականների մեծ հոսք դեպի Հայաստանի Հանրապետություն:

Լեմկինի ինստիտուտի փորձագետները աներևակայելի են համարում, որ Արցախի «զիջումը» վերջ կդնի հակամարտություններին տարածաշրջանում, առավել ևս՝ կհանգեցնի «խաղաղության» և «բարեկեցության»

«Ադրբեջանի և նրա ուժեղ դաշնակից Թուրքիայի ցեղասպան ծրագրերը գործնականում երաշխավորում են Հայաստանի տարածքի դեմ ագրեսիայի շարունակությունը։ Երկու երկրների և հատկապես Ալիևի ռեժիմի կողմից քարոզվող հակահայկական ատելությունը չի մարի Արցախի հայաթափմամբ։ Փաստորեն, Արցախի բնակչության կրճատումը պետք է դիտարկել որպես տարածաշրջանում հայկական ներկայությունը մեկընդմիշտ ջնջելու շատ ավելի մեծ փորձի սկիզբ»,- ընդգծում են նրանք։

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախում առկա խնդիրներն արդար արդյունք և կայուն խաղաղություն հաստատելու նպատակով:

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը ուժ կիրառի հայկական տարածքի նկատմամբ ոտնձգությունների համար, և միջազգային հանրությունը պետք է հստակ ցույց տա, որ վճռականորեն պաշտպանելու է հայկական կյանքը 1915 թվականի ցեղասպանության վերսկսումից»,- ասվում է հայտարարության մեջ։