Բավ է պառակտվել
27-01-2023 12:34

Լեմկինի ինստիտուտը ցնցված է BBC-ի հաղորդավարի՝ արցախցիների համար «ցեղասպանությունը որպես իրատեսական տարբերակ» հայտարարությամբ

Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ցնցված և սարսափած է, որ BBC HARDtalk-ի հաղորդավար Սթիվեն Սաքուրը 2023թ. հունվարի 23-ին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցի ժամանակ առաջարկել է ցեղասպանություն՝ որպես Արցախի հայերի առջև ծառացած երկու «իրատեսական տարբերակներից» մեկը։

Մասնավորապես, մեջբերվում է հարցազրույցի ընթացքում հաղորդավարի ասվածից մի հատված։

«Դուք այժմ վերահսկում եք մի փոքրիկ անկլավ, որն այժմ գտնվում է տնտեսական շրջափակման մեջ, և թվում է, թե ձեր միակ իրատեսական տարբերակը կամ Ադրբեջանի հետ քաղաքական գործարք մշակելն է, կա՛մ ժողովուրդը՝ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը, պետք է որոշի, որ սա իրավիճակն այլևս կայուն չէ և լքի տարածքը։ Այսպիսով, ո՞ր մեկն է լինելու՝ քաղաքական գործարք, թե՞ հեռանալ»,- հարցրել է Վարդանյանին Սաքուրը։

Ինչպես Լեմկինի ինստիտուտը նշել է Կարմիր դրոշով բազմաթիվ ահազանգերում և հայտարարություններում, մահվան սպառնալիքով մարդկանց իրենց հողը լքել ստիպելը ցեղասպանության ձև է: Սաքուրի նման հարցադրումը նրան տալիս է հանցագործի կարգավիճակ, որում այս դեպքում Իլհամ Ալիևն է։

Ներգրավելով Արցախը մի ֆանտաստիկ սցենարի մեջ, որտեղ հնարավոր են քաղաքական բանակցություններ ներկայիս հակահայ, ցեղասպան ադրբեջանական վարչակարգի հետ, Սաքուրը զբաղվում է ցեղասպանության ոչ այնքան նուրբ ժխտմամբ և անգամ զոհին է մեղադրում. Արցախը շրջափակման մեջ է ոչ թե Ադրբեջանի ցեղասպան ծրագրերի, այլ արցախահայության կամ նրանց ղեկավարների կամ էլ՝ երկուսի ինչ որ անբացատրելի համառության պատճառով, ինչին, կարծես, նա հավատում է:

Կիրառելով DARVO (Հերքել, Հարձակվել, Տեղերով փոխել զոհին և հանցագործին) կոչվող մարտավարությունը՝ Սաքուրն արտացոլում է ցեղասպանության ընդհանուր ռազմավարությունը: Նա երբեք չի նշում, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը հրադադարի համաձայնագրի խախտում է, որն ավարտեց 2020 թվականի պատերազմը, ոչ էլ մատնանշում է, որ խաղաղ բնակչության դեմ պաշարման մարտավարությունը միջազգային իրավունքի խախտում է։ Փաստորեն, նա կարծես թե արդարացնում է շրջափակումը` վկայակոչելով Ադրբեջանի և Հայաստանի միջև «թյուրիմացությունը» 2020 թվականի համաձայնագրի պայմանների վերաբերյալ այն բանից հետո, երբ Վարդանյանը իրավացիորեն նշում է, որ շրջափակումը վերը նշված զինադադարի ակնհայտ խախտում է։

Հարցազրույցի ամենացուցադրական պահերից է այն, երբ Սաքուրն ընդհատում է Վարդանյանին՝ «պարզաբանելու» այն բառը, որը պետք է օգտագործվի Արցախի մասին խոսելիս. «Դուք հենց նոր ձեր տարածքն անվանեցիք Արցախ, ես պետք է հստակեցնեմ, որ Ադրբեջանի կառավարությունն, իհարկե, ինչպես և միջազգային հանրությունն, այն անվանում է Լեռնային Ղարաբաղ, ուստի ես պարզապես ուզում եմ պարզաբանել այս հարցը»։

Լեմկինի ինստիտուտը վրդովված է, որ Սաքուրը պնդում է օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը։ Սաքուրի «պարզաբանումը» հուշում է Արցախ անվան անօրինականության մասին, որն իրականում տարածաշրջանի պատմական հայկական անվանումն է։ Նրա պնդումը նաև անտեսում է «Լեռնային Ղարաբաղ» կամ պարզապես «Ղարաբաղ» տերմինի քաղաքական ենթատեքստը, որը հաճախ օգտագործվում է խոշտանգումների ժամանակ, երբ ադրբեջանցի զինվորները ֆիզիկական սպառնալիքի տակ հայ ռազմագերիներին ստիպում են կրկնել «Ղարաբաղ, Ադրբեջան»: Սա փաստագրել են իրենք՝ ադրբեջանցի զինվորները և տարածել սոցցանցերում։ Սաքուրի մեկնաբանությունը, որը նա ներկայացնում է որպես բաց ու անհերքելի ճշմարտություն, վկայում է արցախյան հակամարտության պատմությանից կատարյալ անտեղյակության մասին։

Թեև Սաքուրն անընդհատ ասում է «ձեր տարածքը», նա կարծես, անտեսում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Ինչպես նշել է Ինստիտուտը մի քանի աշխատություններում, ինքնորոշման իրավունքը միջազգային իրավական համակարգում ամենահիմնարար իրավունքներից մեկն է՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և մարդու իրավունքների մի շարք փաստաթղթերի: Այս իրավունքը նույնքան հիմնարար է, որքան տարածքային ամբողջականությունը, հավասար ինքնիշխանությունը և ուժի կիրառման ընդհանուր արգելքը։ Արցախի հայերը միշտ և հետևողականորեն արտահայտել են անկախություն ունենալու իրենց կամքը 1991 թվականից ի վեր, երբ անցկացված հանրաքվեի արդյունքում բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը կողմ քվեարկեց ինքնավարությանը: Ավելին, նրանք կառուցեցին դեմոկրատական ​​ինստիտուտներ և անընդհատ պահանջում էին իրենց ճանաչել ամբողջ աշխարհում որպես անկախ հանրապետություն։ Այնպես որ, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անվանելով այն Արցախ, ոչ միայն հարգում է տարածաշրջանի հնագույն պատմությունն, այլև՝ որպես երկրի պաշտոնական ներկայացուցիչ, իրագործում է Արցախի ինքնորոշման իրավունքը։

Իրականում ողջ հարցազրույցին հատուկ են ենթադրություններ, որոնք կարծես թե գալիս են Բաքվից։ Մասնավորապես, Լեմկինի ինստիտուտը անընդունելի է համարում ադրբեջանական աղբյուրներին հղումով հայտարարությունները, թե Վադանյանը «Մոսկվայի մարդ է»։

Նշվում է, որ այս հարցազրույցի զգալի մասը վատնվել է՝ փորձելով վարկաբեկել Ռուբեն Վարդանյանին որպես կոռումպացված գործարար և Ռուսաստանի խամաճիկ։ Վտանգավոր է այս երևույթի կապը Հայոց ցեղասպանությանը հանգեցրած պատմական հայատյացության հետ։ 19-րդ դարում Համիդյան կոտորածից ի վեր հայերի նկատմամբ բռնությունն արդարացվել է հայերին որպես Ռուսաստանի խամաճիկների և համախոհների ներկայացմամբ: Թեև Լեմկինի ինստիտուտն անկեղծորեն աջակցում է քաղաքական առաջնորդներին բարդ հարցեր տալու լրագրողի պարտականությանն՝ այս դեպքում հարցերն ավելի շատ կողմնակալ էին թվում, քան թե կոշտ, և արդյունքում կորսվեց հնարավորությունը լսելու Արցախի ղեկավարության տեսակետներն այնպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են շրջափակման ժամանակ կառավարումը, ինչ է հարկավոր միջազգային հանրությունից, ապագայի պլաններ։
Լեմկինի ինստիտուտն այս անհաջող հարցազրույցը համարում է Հարավային Կովկասի և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համաշխարհային լրատվամիջոցների բացարձակ անտեղյակության արդյունք:

«Մենք այն դիտարկում ենք նաև որպես ցեղասպանության հանցագործության և դրա կանխարգելման մասին ԶԼՄ-ների անտեղյակության հետևանք: Վերջապես, մենք կարծում ենք, որ այս հարցազրույցը հետևանք է Մեծ Բրիտանիայում հայատյացության և թուրքամետության դրսևորման, որը սկիզբ է առել մ.թ.ա. 19-րդ դարի վերջից»,- ասվում է հոդվածում՝ հղում անելով Ադրբեջանում նավթի հայտնաբերմանը և դրան հաջորդած բրիտանական խոշոր ներդրումներին։

Ինստիտուտը կոչ է անում բրիտանական ԶԼՄ-ներին ուսումնասիրել հնարավոր հակահայկական կողմնակալությունն իրենց հաղորդագրություններում:

«Մենք նաև կոչ ենք անում BBC-ին և համաշխարհային այլ լրատվամիջոցներին ապահովել Հարավային Կովկասի վերաբերյալ իրենց հաղորդագրությունների ճշգրտությունը: Մենք նաև առաջարկում ենք, որ ավելի շատ մեդիա ընկերություններ կենտրոնանան խմբագիրներին և լրագրողներին զանգվածային վայրագությունների և դրանց կանխարգելման հետ կապված օրենքների և մոտեցումների մասին կրթելու վրա: Ի վերջո, խնդրում ենք, որ լրագրողները չառաջարկեն ցեղասպանությունը որպես «իրատեսական տարբերակներ», որոնց առևրեսվում են սպառնալիքի տակ գտնվող համայնքներն»,- ասվում է հոդվածում։