Բավ է պառակտվել
02-03-2017 11:03

Ինտերպոլը մերժել է ԼՂՀ-ում աշխատած հնեաբանների դեմ միջազգային հետախուզում սկսելու Բաքվի պահանջը

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը մերժել է Ղարաբաղում աշխատած հայ և արտասահմանյան հնեաբանների դեմ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ Ադրբեջանի հայտը: Հինգշաբթի օրն իր Facebook-յան էջում այս մասին հայտնել է ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է սկսել Հայաստանի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանի, Իսպանիայի բնական գիտությունների ազգային թանգարանի հետազոտող Իոլանդու Ֆերնանդես Խալվոյի, Մեծ Բրիտանիայի Բլենֆորդի թանգարանի աշխատակից «Ազիխյան նախագծի» ղեկավար Տանիա Քինգի և Մեծ Բրիտանիայի բնական պատմության թանգարանի աշխատակից ՓեթերԷնդրյուսի նկատմամբ:
Ահարոնյանի խոսքերով մարտի 1-ին Ադրբեջանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի կողմից շրջաբերական էր ստացվել՝ «հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական նորմերը խախտելու», «հեղինակային կամ հարակից իրավունքները խախտելու», «հատուկ արժեք ունեցող առարկաներ թալանելու», «Պետության դեմ ուղղված հանրային կոչեր անելու» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու» հոդվածների հատկանիշներով գիտնականների դեմ հետախուզում սկսելու վերաբերյալ:
«Շրջաբերականները ստանալուց անմիջապես հետո, ՀՀ ոստիկանության Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն են ներկայացվել անհրաժեշտ հիմնավորումներ և պարզաբանումներ առ այն, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է անում Ինտերպոլին ներքաշել քաղաքական խնդիրների ոլորտ»,- նշել է Ահարոնյանը:
Երևանը գտնում է, որ այս գործողություններտը սպառնում են Ինտերպոլի հեղինակությանը և հակասում Կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածին, որում ասված է , որ «կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին»:
«Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը, ընդունելով ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվության հիմնավոր լինելը, անհապաղ արձագանքել և նույն օրը դիմել է Ինտերպոլի անդամ-երկրներին և տեղեկացրել, որ այդ գիտնականների նկատմամբ շրջանառվող տեղեկատվությունը հակասում է Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին, և այդ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող իրականացվել»,- նշել է Ահարոնյանը: