Բավ է պառակտվել
29-03-2022 15:37

Խրամորթից ու Փառուխից շուրջ 200 բնակիչ է տարհանվել

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Խրամորթ և Փառուխ գյուղերի բնակիչների (շուրջ 200 երեխա, կին և տարեց) տարհանումից հետո հանձնարարել է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանն արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն:

«Արդեն սննդամթերքի տեսքով որոշակի ծավալի աջակցություն տրվել է և առաջիկայում աջակցության լրացուցիչ միջոցներ ևս կկիրառենք: Կառավարության հետ համագործակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ևս ցուցաբերում է աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական բնույթի, և, ըստ կարիքի, կառավարությունը նույնպես կտրամադրի ֆինանսական օգնություն տարհանված անձանց՝ հաղթահարելու իրենց սուր հիմնախնդիրները:»,- ասվում է Բեգլարյանի՝ Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։

Պետնախարարի խոսքով, լիազոր մարմիններին հանձնարարված է կարիքների գնահատման արդյունքների հիման վրա ապահովել Խրամորթից ու Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին ժամանակավոր կացարաններով՝ մինչև իրավիճակի կարգավորումը և նրանց վերադարձը հայրենի տներ: Աշխատանքներ են տարվում նաև տարհանված երեխաների կրթության պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

Բեգլարյանը հայտնել է, որ գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում կենդանիների պաշտպանության ու անասնակերի ապահովման ուղղությամբ։

«Մի շարք աշխատանքներ են կատարվել ու կատարվում նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու առումով, որոնց մասին լիազոր մարմինները առանձին հրապարակումներով հանդես կգան, - հավելել է Բեգլարյանը։