Բավ է պառակտվել
29-04-2023 16:45

1991 թվականին Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանումի կազմում չէր, արցախցիներն ինքնորոշման իրավունք ունեն. Ռուբեն Վարդանյան

1991 թվականին Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չէր։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն արդեն հանրաքվե էր անցկացրել և դուրս եկել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից, ասել է Արցախի նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը։

«Հետևաբար, մենք կարող ենք անվերջ վիճել տարբեր իրավագիտական ձևակերպումների շուրջ, բայց հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք 1988 թվականին սկսեցին Հայաստանին միանալու և ԼՂԻՄ-ի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու շարժումը, առ այսօր շարունակում են իրենց պայքարը և համարում են, որ ոչինչ չի փոխվել»,- ասել է Վարդանյանը RTVi-ին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ չնայած այս տարիների ընթացքում հանդիպած տարատեսակ խոչընդոտներին՝ ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, իրավունք ունի որոշելու սեփական ապագան։

«Այս իմաստով բոլոր իրականացված գործողությունները՝ հանրաքվեն, բարձրագույն խորհուրդների որոշումները իրավական առումով հիմնավոր են, բացարձակապես լեգիտիմ իրավունք են մեզ տալիս որոշելու սեփական ապագան»,- շեշտել է Վարդանյանը։

Նրա խոսքով, ղարաբաղցիները, չնայած ամեն ինչին, մտադիր չեն լքել իրենց հայրենիքը։

«Մարդիկ մեծ անհանգստություն ունեն սեփական ապագայի վերաբերյալ, քանի որ Ադրբեջանի նախագահը կոշտ հայտարարեց՝ կամ դուք ենթարկվում եք մեր օրենքներին, կամ լքում եք ձեր հայրենիքը, որտեղ ապրել եք հազարավոր տարիներ, այս հողը մերն է։ Նման ագրեսիվ հռետորաբանությունը մարդկանց մոտ անհանգստություն է առաջացնում, բայց միևնույն ժամանակ շատերի արձագանքը ճիշտ հակառակն է։ Նրանք հայտարարում են, որ չնայած հնչող սպառնալիքներին, ոչ մի դեպքում չեն լքի սեփական հողը»,- ասել է նախկին պետնախարարը։