Բավ է պառակտվել
13-06-2019 16:14

Արցախում կադրային տեղաշարժերը կապված են գալիք ընտրական գործընթացների հետ․փորձագետներ

Արցախում կատարված կադրային տեղաշարժերը կապված են 2020թ․կայանալիք համահանրապետական ընտրությունների, այլ ոչ՝ Հայաստանի բարձրագույն իշխանությունների հետ խնդիրների առկայության հետ։ Այս մասին հինգշաբթի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է “Ազգային վերածնունդ” արցախյան կուսակցության փոխնախագահ Տիգրան Գրիգորյանը։

Վերջին ժամանակաշրջանում հայկական լրատվամիջոցներն ակտիվորեն խոսում են Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև լարվածության առկայության մասին։ Ավելին, ասվել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իբր, պահանջել է Արցախի նախագահ Բակո Սահակյանից ազատել պաշտոնից Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին, սպառնալով հակառակ դեպքում դադարեցնել ֆինանսական աջակցությունը։ Ավելի ուշ այս տեղեկությունը պաշտոնապես հերքել է Հայաստանի ֆինանսների նախարարությունը, տեղեկացնելով, որ բոլոր միջոցները ժամանակին փոխանցվում են։ Հրաժարական տալիս Բալասանյանն անձամբ հայտարարել է, որ դիմել է այդ քայլին, քանի որ մտադիր է մասնակցել է Արցախի նախագահի ընտրություններին։ Ավելին, Լևոն Մնացականյանն Արցախի ԱԻ պետծառայության տնօրենի պաշտոնից փոխադրվել է ոստիկանապետի պաշտոնի։

“Կադրային տեղաշարժերը կապված են 2020թ Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ։ Արցախում որոշ քաղաքական ուժեր արդեն սկսել են նախընտրական արշավը, և այդ համատեքստում Բալասանյանի հրաժարականը արդարացված է: Ինչ վերաբերում է Մնացականյանին նոր պաշտոնին նշանակելուն, ապա ընտրությունների ընթացքում ներկայիս իշխանությանը կպահանջվի պահպանել խստագույն իրավակարգ, հանրապետության համար վտանգավոր լուրջ ներքաղաքական ցնցումներից զերծ մնալու համար», - ասել է Գրիգորյանը:

Իր հերթին, «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշել է, որ 2018 թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները կարող են կրկնվել Արցախում, քանի որ ներկայիս իշխանությունը չի վայելում հանրապետության բնակչության լայն աջակցությունը։

Հանրապետությունում սկսված զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը 2018թ․ապրիլի 23-ին հայտարարել է իր հրաժարականի մասին։ Համաձայն Սահմանադրության, խորհրդարանը մայիսի 8-ին կայացած հատուկ նիստին Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրել է վարչապետի պաշտոնում: Նույն տարվա աշնանը Փաշինյանը հրաժարական է տվել խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով։ Նոյեմբերի 1-ին, համաձայն Սահմանադրության, խորհրդարանը լուծարվել է իրավունքի ուժով։ Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն արտահերթ խորհրդարանական ընտրություների օր է նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ը, որոնց արդյունքում ձայների 70,43%-ով հաղթել է Փաշինյանի գլխավորած “Իմ քայլը” դաշինքը։ 2019 թվականի հունվարի 14-ին նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը։

«Անհրաժեշտ է հասկանալ` արդյոք կա վտանգ, որ Արցախի նախագահական ընտրություններում պայքարը տեղափոխվի փողոց: Չգիտենք, թե ինչ տհաճ անակնկալների դա կարող է հանգեցնել», - ասել է Պապյանը:

Միաժամանակ, փորձագետը նշել է, որ ընտրությունների արդյունքները չեն կարող էականորոն ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների վրա, քանի որ բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադառնալու հարցն ամբողջովին կապված է միջնորդների և Ադրբեջանի դիրքորոշման հետ։

Նույն կարծիքի է նաև Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը, նշելով, որ Արցախի իշխանությունների լեգիտիմությունը հնարավորություն կտա Հայաստանին բարձրացնել բանակցությունների սեղանի շուրջ Ստեփանակերտի վերադառնալու հարցը։

“Հայաստանը կարող է օգնել Արցախին ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում, միաժամանակ մնալով նրա անվտանգության հուսալի երաշխավոր”,- նշել է Պողոսյանը։