Բավ է պառակտվել
26-01-2021 12:37

«Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար է» Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը շարունակելու է պայքարը անկախության միջազգային ճանաչման համար։
«Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է»:

Այս հայտարարությունը նախագահ Հարությունյանն արել է Արցախի Ներքին գործերի նորաստեղծ նախարարության անձնակազմի հետ հանդիպման ժամանակ։
Հարությունյանը նորաստեղծ նախարարությանն է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին,ով մինչ այս զբաղեցնում էր ԱԻ պետական ծառայության պետի պաշտոնը։

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարության կազմում ընդգրկված արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության աշխատակիցներին պատերազմական ծանր ժամանակաշրջանում ունեցած գերազանց ծառայության համար՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում ևս այդ մարմինները կարևոր գործառույթներ ունեն կատարելու:

Նա խոստացել է, որ գերատեսչության աշխատակիցների ծառայողական ու սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար:

Հանդիպման ընթացքում Նախագահն անդրադարձել է նաև հետպատերազմական իրավիճակին ու վերականգնողական աշխատանքներին՝ շեշտադրելով, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ, այնպիսի երկրի, որտեղ բոլոր արցախցիներն ապագա կտեսնեն ապրելու և արարելու:

Անդրադառնալով Հանրապետության կարգավիճակին` Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ։