Բավ է պառակտվել
12-01-2023 20:32

«Կարտոֆիլը շքեղություն է». CNN-ը պատմում է, թե ինչպես են սպառվում կենսական պաշարները՝ ադրբեջանցի «էկոակտիվիստների» Արցախը շրջափակելու պատճառով

Ճանապարհը, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի պատերազմը ավարտած հրադադարի համաձայնագրի առանցքն է, որով երաշխավորվեց էթնիկ հայերի անվտանգ տեղաշարժ, ինչպես նաև ապրանքների անխափան մատակարարում Արցախ, գրում է CNN-ը։

Սակայն դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ այնտեղ շուրջօրյա նստացույց են սկսել։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Ադրբեջանին մեղադրում են շրջափակման մեջ՝ ցուցարարների միջոցով։ Արևմտյան մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ ամերիկացի դիվանագետներ, կոչ են արել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Ադրբեջանը շարունակում է հերքել շրջափակման մասին պնդումները։

Այս իրավիճակն, ըստ վերլուծաբանների, սպառնում է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և տարածքում հումանիտար ճգնաժամ առաջացնել, երբ պարենի, դեղորայքի և էներգիայի պակասը դառնում է կրիտիկական։

Լեռնային Ղարաբաղի ներսում տրամադրությունները «ըմբոստ» են, նույնիսկ այն բանից հետո, երբ անհետացել են առարին անհրաժեշտության ապրանքները։ Հիվանդանոցները բախվում են բժշկական դեղորայքի կրճատվող պաշարների խնդրի հետ։

Քանի որ շրջափակման վերջը չի երևում, Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներն ասում են, որ համոզված են, որ Ադրբեջանը մտադիր է սովի ենթարկել բնակչությանը և ստիպել հնազանդվել:

«Ուղերձը, որ Ադրբեջանն ուղարկում է այս էկոակտիվիստների միջոցով, հետևյալն է․ կա՛մ դուք հեռանում եք, կա՛մ ընդունում եք մեր օրենքի գերակայությունը, կա՛մ սովից կմեռնեք, որովհետև ոչ ոքի չեք հետաքրքրում»,- ասել է CNN-ին Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Հայ պաշտոնյաները հերքում են Ադրբեջանի այն պնդումը, թե հայկական փոքրամասնությունը պաշտպանված կլինի մի երկրում, որը ղեկավարում է ինքնակալ նախագահ Իլհամ Ալիևը:

«Իսկապես տարօրինակ է լսել, երբ մարդիկ ասում են, որ մենք մշակութային ինքնավարություն կունենանք (Ադրբեջանում): Սա կատակ է»,- ժպտաց Վարդանյանը:

Մինչդեռ հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ, ասում են տեղի բնակիչներն ու պաշտոնյաները։ Նախորդ շաբաթ Ստեփանակերտը ծածկվել էր ձյունով, ջերմաստիճանը ցածր էր զրոյից։ Մայրուղային գազատարի վթարից հետո բնական գազի մատակարարման ընդհատումները ստիպել են նորմավորել էլեկտրաէներգիայի սպառումը։ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներն ասում են, որ շրջափակման պատճառով չեն կարողանում վերանորոգման աշխատանքներ իրականացնել:

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակումը

Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։

Հունվարի 9-ից վնասվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ միակ բարձրավոլտ գիծը՝ Ահավնո-Բերձոր հատվածում, որը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացնել, ինչի կապակցությամբ Արցախում հոսանքազրկումներ են տեղի ունենում։

Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։
Նկատվում են ինտերնետի և կապի ընդհատումներ։