Բավ է պառակտվել
19-04-2019 18:50

Ու՞մ է մրցակից համարում Արցախի նախագահական ընտրություններին Սամվել Բաբայանը

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման շարժառիթը 2020 թվականին Արցախի նախագահական ընտրություններին Սամվել Բաբայանի մասնակցության հարցն էր:
Հիշեցնենք,որ Արցախի իշխանությունները նշել են, որ Սամվել Բաբայանը իրավունք չունի մասնակցել այդ ընտրություններին, քանի որ վերջին 10 տարում Արցախում մշտապես չի բնակվել: Արձագանքելով այս դիտարկմանը Սամվել Բաբայանն ասաց, թե պատրաստվում են օրենքով շարժվել:
«Երբ ես 2007 թ-ին մասնակցել եմ ընտրություններին, այդ ժամանակ ՀՀ-ում 5 տարվա կացություն չեմ ունեցել, մենք մի երկիր ենք, փորձում ենք էդ մարդկանց հասկացնել՝ օրենքն ընտրական մի՛ կիրառեք, բոլորի համար հավասար է: Էսօրվա գործող ղեկավարը եկել է 1999թ-ին՝ Մոսկվայից, 2007-ին ո՞նց է դարձել ԼՂ նախագահ, 10 տարվա կացությունը կա՞ր: Ոստիկանությունը թուղթ է տալիս, որ ժամանակ առ ժամանակ եկել է, գնացել, ես էլ, դուք էլ գիտենք՝ ժամանակ առ ժամանակ Ղարաբաղ գնում-գալիս էի: Փորձում են խանգարել, քանի որ գիտեն՝ ընտրություններում իմ մասնակցության դեպքում կարող է լուրջ մրցակցություն լինել և ես հաջողություն ունենամ»,-նշեց Սամվել Բաբայանը:
Սամվել Բաբայանը նկատեց նաեւ, որ կան շատ ղարաբաղցի երիտասարդներ, որոնք Հայաստան են եկել, 4-5 տարի սովորել ու հիմա իրավունք չունեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչը ճիշտ չի համարում: Պետք է սահմանադրությունը փոխվի, որ Արցախի եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունենա Արցախի նախագահի ընտրություններին մասնակցել՝ կարծում է Բաբայանը: Հարցին, թե իրեն հատո՞ւկ են խոչընդոտում, նա արձագանքեց.
«Ես կարծում եմ՝ սա անում են, որովհետեւ իմ մասնակցության դեպքում կարող է լուրջ մրցակցություն լինի եւ հաջողություն ունենանք: Եթե հասարակությունը ազատ է, տվեք հնարավորություն՝ թող մարդիկ մասնակցեն-պարտվեն, իսկ եթե գիտեք, որ հաղթելու եք, երկու ոտքը դրել եք մի կոշիկի մեջ, որ ի՞նչ: Լավ, գնալու ենք, այդ բոլոր բարիերները անցնելու ենք»:
Հարցին՝ արդյո՞ք իր հիմնական մրցակից տեսնում է Վիտալի Բալասանյանին՝ Բաբայանն ասաց, որ այս պահին մրցակից չի տեսնում,քանի որ ընտրություններին դեռ մեկ տարի կա, շատ բան կարող է փոխվել: