Բավ է պառակտվել
16-04-2019 14:22

“Կոմերսանտը” գրում է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում դրական տեղաշարժի մասին

Երկար ժամանակի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջին անգամ դրական տեղաշարժ է տեղի ունեցել։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ Մոսկվայում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զորաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են փոխադարձության հիման վրա հնարավորություն տալ հարազատներին այցելել կալանքի մեջ գտնվող անձանց, ինչպես նաև ակտիվացնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները։ “Կոմմերսանտ”-ի զրուցակիցները Երևանում և Բաքվում հստակեցնում են. չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածության նվազմանը, դեռևս վաղաժամ է խոսել բեկման մասին:

Սերգեյ Լավրովի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայացել է բավականին մռայլ նախնական իրադրության պայմաններում։ Երկու շաբաթ առաջ, մարտի 29-ին, Վիեննայում տեղի է ունեցել այդ պետությունների ղեկավարների գագաթաժողովը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որն արձանագրել է փակուղի բանակցային գործընթացում: Դրանից հետո երկու կողմերն արել են սպառնալից հայտարարություններ։ Այսպես, մարտի 30-ին Հայստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկել է փոխարինել ղարաբաղյան հակամարտության սովորական դարձած “տարածքներ՝ խաղաղության դիմաց” բանաձևը “նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց” ձևակերմամբ։ Թերթը հիշեցնում է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը ենթադրում է, որ հայկական կողմը հիպոթետիկ Բաքվի վերահսկողության տակ է փոխանցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) որոշ շրջաններ, որոնք մինչև 1991 թվականը չեն գտնվել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում, ինչի դիմաց Ադրբեջանը հրաժարվում է հակամարտության ուժային լուծումից, և շարունակվում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու շուրջ բանակցությունները։ Սակայն Բաքվում ընդգծում են, որ նման կարգավիճակ կարող է լինել միայն “Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում”։ Պարոն Տոնոյանի խոսքերով, այս ծրագիրն այլևս արդիական չէ, և Հայաստանը ձգտելու է “հզորացնել հարձակվողական ստորաբաժանումները” հարկ եղած դեպքում “ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու” նպատակով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել նման դիրքորոշումը։
Բաքվում սա անպատասխան չեն թողել և հանդես են եկել նմանատիպ հռետորաբանությամբ։

“Նախարարը (պաշտպանության -”Ъ”) կոնկրետ հանձնարարականներ է տվել բոլոր մակարդակների հրամանատարներին և ղեկավարներին մշտական վերահսկողություն կազմակերպել և հսկողության տակ պահել հակառակորդի գործողությունները, վճռական պատասխան տալ հնարավոր սադրանքներին և ցանկացած ժամանակ պատրաստ լինել մարտական գործողությունների ակտիվացմանը”,- հայտարարել են Ադրբեջանի ռազմական գերատեսչությունում։

Այնուամենայնիվ, կողմերին հաջողվել է հասնել որոշակի դրական փոփոխությունների։ Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ երեք ժամ տևած բանակցություններից հետո Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները առաջընթաց քայլ են կատարել: Նրանք պայմանավորվել են կայունություն ապահովել շփման գծում “գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում”, ինչպես նաև “փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել հարազատների կողմից կալանավորված անձանց այցելելու ուղղությամբ”:

Խոսք է գնացել նաև ”ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների” մասին։ Թերթը հիշեցնում է, որ ադրբեջանական “Թուրան” խոշորագույն լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևը փետրվարին արդեն մեկնել է Հայաստան, ինչից հետո մի շարք լրահաղորդումներ է հրապարակել: “Կոմերսանտ”-ի հարցին, արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է իր տարածքում ընդունել հայ լրագրողներին, հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան դրական է պատասխանել։ “Բաքվում միշտ պատրաստ են եղել նպաստավոր պայմաններ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման և ամրապնդման համար”, - ասել է Աբդուլաևան:

Ինչ վերաբերում է հակամարտող պետություններում գտնվող կալանավորված անձանց հարազատների այցելության հարցին՝ այն նույնպես արդիական է կողմերի համար։ Օրինակ՝ Ադրբեջանում բանտարկության մեջ է գտնվում Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը։ Բաքվի խոսքերով, նա դիվերսանտ է, ով նախորդ տարվա հուլիսին փորձել է ներթափանցել երկրի տարածք։ Սակայն Երևանում պնդում են, որ պարոն Ղազարյանը բանակում չի ծառայել, սահմանամերձ գյուղի հոգեկան խնդիրներ ունեցող բնակիչ է։ Հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կան նաև ադրբեջանցի բանտարկյալներ: Խոսքը, մասնավորապես, չճանաչված հանրապետության իշխանությունների կողմից 2014 թվականին ձերբակալված Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի մասին է։

Հայաստանյան ԱԳՆ-ում “Կոմերսանտի” աղբյուրն ակնարկել է, որ և՛ Հայաստանում և՛ ԼՂՀ-ում պատրաստ են թույլատրել հարազատներին այցելել ադրբեջանցի կալանավորներին։ Պատասխանելով “Կոմերսանտի” հարցին, արդյո՞ք Բաքուն չի խոչընդոտի իր քաղաքացիներին մեկնել Հայաստան և ԼՂՀ՝ Լեյլա Աբդուլլաաևան նշել է, որ նրանք երբեք խստորեն չեն արգելել իրենց քաղաքացիներին Հայաստան այցելել: