Բավ է պառակտվել
28-06-2017 14:10

Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը քիչ հավանական է. Սարգսյան

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի ծավալումը քիչ հավանական է համարում:
«Ես գրեթե վստահ եմ, որ լայնամասշտաբ պատերազմ չպետք է ծավալվի այն պարզ պատճառով, որ նման միջոցով ղարաբաղյան հարցի լուծմանը հասնելն անհնար է: Չկա ռազմական գործողությունների այնպիսի զարգացում, որի պարագայում ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել հօգուտ Ադրբեջանի»,- չորեքշաբթի օրն այս մասին լրագրողներին ասել է Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում, շատ մեծ է Ադրբեջանի տնտեսությանը հասցվելիք անուղղելի վնասի ռիսկը:
« Ես չեմ նվազեցնում այն սպառնալիքները, որոնք կարող է պատերազմը պատճառել Հայաստանին: Բայց միտումնավոր կերպով լայնամասշտաբ պատերազմ ծավալելը այս պարագայում Ադրբեջանի ղեկավարության համար պարզապես խելագարություն կլիներ»,- հավելել է նախարարը:
Սակայն, նրա խոսքերով, դա չի բացառում տարատեսակ սադրանքներն ու իրավիճակի սրումը սահմանին:
« Մենք միշտ պետք է պատրաստ լինենք դրան, մենք այլընտրանք չունենք, կարծում եմ, մեր ողջ հասարակությունն է հասկանում դա»,- ընդգծել է նախարարը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: