Բավ է պառակտվել
23-05-2022 19:44

Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախում հանդես են եկել հայտարարությամբ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո

Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է և արտահայտվել է մի քանի անգամ Նախագահի ու Ազգային ժողովի կողմից։ Այս մասին «Արցախպրես»-ին տված մեկնաբանությունում ասել է ԱՀ նախագահի մամլո քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ հիշեցնելով 2021 թվականի դեկտեմբերին նախագահ Հարությունյանի հրապարակած դրույթներից մի քանիսը։

«Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերը Արցախի ժողովուրդն է։ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է», նշել է Ավանեսյանը։
Նրա խոսքով, վերադարձն անցյալին անընդունելի է ոչ միայն կարգավիճակի, այլև ժողովրդագրական առումով։ Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր։
Նա հայտարարել է, որ Արցախի իշխանությունն իր քաղաքականությունը կառուցում ու իրականացնում է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրին և մայր օրենքին համապատասխան՝ համագործակցելով բոլոր գործընկերների հետ։