Բավ է պառակտվել
13-03-2019 14:40

Մարկեդոնովը Հայաստանի և Արցախի Անվտանգության նիստի և ԵԱՀԿ ՄԽ հայտարարության “հետաքրքիր մանրամասնի” մասին

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջաննային հետազոտությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin&Co հեռագրային ալիքի համար մեկնաբանել է մեկ օր առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:

“Սեղանի գլխին նստած էին Նիկոլ Փաշինյանը և Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանը։ Ինչպե՞ս գնահատել այդ իրադարձությունը”,- ինքն իրեն հարց է տվել նա։

Փորձագետի կարծիքով, ստացվել է այնպես, որ Ստեփանակերտում կայացած նիստի շուրջ մի քանի գործընթաց է կենտրոնացել։

“Սկսենք միջազգային կարևորություն և նշանակություն ունեցող իրադարձություններից։ Երևանը և Բաքուն, ինչպես նաև միջնորդ պետությունները նախապատրաստվում են Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը։ Երկու երկրների առաջնորդներն առաջին անգամ կհանդիպեն պաշտոնապես, այլ ոչ որևէ գագաթնաժողովի “հարթակում”։ Հանդիպման նախօրեին Հայաստանի վարչապետի համար կարևոր է ցույց տալ, որ նա դեմ չէ բանակցություններին, սակայն թույլ չի տա որևէ անարդարացի փոխզիջում։ Որպես արդյունք, կակտիվանա ղարաբաղյան հայությանը բանակցություններում ներգրավելու թեման”,-գրել է նա։

Միևնույն ժամանակ, քաղաքագետը նշել է, որ Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության շուրջ։

“Եվ չնայած դիվանագետները ոչ մի նոր բան չեն ասել, այլ պարզապես ազատորեն շարադրել են նորացված “Մադրիդյան սկզբունքները”՝ հնարավոր փոխզիջումների անգամ հիշատակումը (գրավյալ տարածքների վերադարձն Ադրբեջանին, Հայաստանից ԼՂՀ միջանք) նոր քննարկումներ են հրահրել “դիրքերը զիջելու” հնարավորության շուրջ”,- ասել է նա։

Այդ ենթատեքստում Մարկեդոնովը մատնանշել է մի հետաքրքիր մանրամասն։

“Այսօր Փաշինյանի կառավարությանը քննդատում են նրանք, ովքեր դեռևս երեկ իշխանության գլխին էին։ Բայց միթե՞ նրանք չեն ընդունել այդ “հիմնական սկզբունքները” որպես բանակցությունների հիմք։ Եվ արդյո՞ք նրանք չէին այդքան մոտիկ 2011 թվականին Կազանում դրանց ստորագրմանը։ Սակայն իրավիճակը փոխվում է։ Այսօր ձեռնտու է հայրենասիրական կեցվածք ընդունել, քննդատելով իշխանություններին զիջումների գնալու համար։ Փաշինյանի այցը Ստեփանակերտ կոչված է հանգստացնել հասարակությունը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ նոր բանակցային փուլից առաջ”,- գրել է նա։

Սակայն, ըստ փորձագետի, Հայաստանի և ԼՂՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը մեկ այլ տրամաբանություն էլ ունի։

“Փաշինյանի և Սահակյանի ներկայիս հարաբերությունները իդեալական չեն։ Երևանին նյարդայնացնում է ղարաբաղյան պարտիկուլյարիզմը։ Եվ գաղտնիք չէ, որ Հայաստանի վարչապետը ձգտում է այն նվազագույնի հասցնել։ Սակայն, միաժամանակ, ոչ Փաշինյանը, ոչ էլ մեկ ուրիշը չեն ցանկանում հանրությանն ի ցույց դնել առկա հակասությունները, առավել ևս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում։ Ինչպես ասում են, ազգային գործն՝ առանձին, անձնական հարցերն՝ առանձին”,- ամփոփել է Մարկեդոնովը։