Բավ է պառակտվել
06-09-2019 13:12

«Մենք մանդատ, իրավասություն չունենք խոսելու ԼՂ ժողովրդի անունից»․Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հորդորում է ոչինչ չդրամատիզացնել Հայաստանի ու Արցախի հարաբերություններում։ Մնացականյանը այսպես պատասխանեց այն հարցին՝ թե որքանո՞վ է նպատակահարմար բարձրաձայնել ՀՀ և Արցախի իշխանությունների միջև տարաձայնությունների հարցը։
«Տարաձայնություններ ունենում են բոլորը և միշտ, մինչդեռ դրանք կոնֆլիկտ կամ ճգնաժամ չեն: Ես բացառում եմ, որ մենք ունենք այդ դրաման»,-ասաց նախարարը` շեշտելով, որ Երևանի և Ստեփանակերտի միջև կա ակտիվ գործընկերություն:
Մնացականյանը անդրադարձավ նաև վարչապետի այն հայտարարությանը թե Արցախը Հայաստան է, և վերջ: Արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտեց ևս մեկ անգամ,որ վարչապետը խոսել է համահայկական սկզբունքների մասին` հաշվարկված բոլոր կողմերից:
«Մեզ համար Արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ բնույթն այլընտրանք չունի»,-ասաց Մնացականյանը, շեշտելով, որ այդ հարցը պետք է լուծվի՝ համայն հայության շահերից ելնելով:
Նշենք,որ վերջերս Հայաստանում կայացավ դեսպանահավաք ու առաջին անգամ այն իրականացվեց Արցախի հետ համատեղ։ Որո՞նք էին այդ դեսպանաժողովի նպատակները,
Զոհրաբ Մնացականյանը նշեց,որ դիվանագիտական հավաքի ժամանակ բոլոր դիվանագետները մեկնում են Արցախ, ու այն կարևոր մաս է դեսպանահավաքների:
«ԼՂ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի յուրաքանչյուր փուլն ունի այն հատվածը, որը վերաբերում է մեր երկխոսությանն ու խորհրդակցությանը ճշգրտելու և հստակեցնելու ՀՀ-ի և Արցախի ընդհանուր մոտեցումները: Սա Արցախի որոշիչ ձայնի ու նշանակության հարցն է: Մենք մանդատ, իրավասություն չունենք խոսելու ԼՂ ժողովրդի անունից, և այդ առումով է, որ պնդում ենք՝ ԼՂ ընտրված իշխանությունների մոտեցումները բանակցային գործընթացում սեփականության զգացողության ուժեղացումը պրակտիկ, պրագմատիկ նշանակություն ունեցող հարց է, որը միտված է բանակցային գործընթացի արդյունավետությունը բարձրացնելուն»:

Ի դեպ նախարարը նշեց,որ առաջիկայում տեղի է ունենալու ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
«Այս տարվա ընթացքում մեր կառավարությունը ակտիվ աշխատել է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Առաջիկայում ևս կա նախանշված հանդիպում, բայց քանի որ կա համաձայնություն` նախօրոք չհայտարարել հանդիպման մասին, ես այժմ չեմ ասի կոնկրետ ժամկետների մասին»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: