Բավ է պառակտվել
10-01-2017 12:24

ԵԱՀԿ ՄԽ–ն կոչ է անում Հայաստանին վերադարձնել ադրբեջանցի սպանված զինծառայողի մարմինը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, կոչ են արել Հայաստանին վերադարձնել դեկտեմբերի 29–ին սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը։

Դեկտեմբերի 29–ի առավոտյան ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր իրականացրել Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ։ Բախումների հետևանքով զոհվել են երեք հայ զինծառայողներ։ Երկու օրվա ընթացքում ադրբեջանական ԶՈՒ կորուստները կազմել են ոչ պակաս, քան 12 մարդ։

«Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց հայ–ադրբեջանական սահմանը 2016 թվականի դեկտեմբերի 29–ին խախտելու մեջ, ինչը հանգեցրել է կորուստների։ Հայաստանի ռազմական ուժերն իրենց մոտ են պահում այդ մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը»,– ասվում է հայտարարությունում։

Միջնորդները նշում են, որ հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և հակասում են կողմերի պարտավորություններին։ Համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին խստորեն հետևել 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին` ներառյալ կարճ ժամկետներում հետաքննության ԵԱՀԿ մեխանիզմների հաստատման պարտավորությունը։

Համանախագահները կոչ են անում նաև առանց հապաղումների վերադարձնել մարդկանց աճյունները 2010 թվականի Աստրախանի գագաթնաժողովի համաձայնագրին համապատասխան` ի գիտություն առնելով այդ հարցի բացառապես մարդասիրական բնույթը։

«Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքները և անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք իրավիճակի կայունացման նպատակով»,– ասվում է հաղորդման մեջ։

Համանախագահները ցավակցություն են հայտնել հայ և ադրբեջանցի զինվորների ընտանիքներին, բոլոր հայերին և ադրբեջանցիներին, որոնց Նոր տարին սկսվել է անիմաստ կորուստներով։