Բավ է պառակտվել
30-09-2020 17:11

Լավ հասկանում ենք, թե ինչու F-16 կործանիչները չհանվեցին Ադրբեջանի տարածքից. Ա. Հովհաննիսյան

 

Օգոստոսին անցկացված  զորավարժություններից հետո F-16 կործանիչները չհանվեցին Ադրբեջանի տարածքից: Հայաստանն այս մասին բազմիցս բարձրաձայնել է, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր  ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչներն առաջադրված խնդիրները չեն կարող կատարել ինչպես հարկն է, դրա համար F-16-երն այնտեղ են։ Հայաստանը տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում՝ ռադիոտեխնիկական-հետախուզական միջոցների, եւ բոլոր նրանց համար, ովքեր հերքում են եւ փորձում են լուրջ չվերաբերվել մեր պաշտոնական տեղեկություններին, համապատասխան անակնկալներ սպասվում են՝ ապացույցներով»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

F-16-երը գործել են Գանձակի օդանավակայի հատվածից։ Ըստ նրա՝ Թուրքիայի օդուժից բերվել են նաեւ այլ սարքեր, օրինակ՝ Bayraktar եւ ԱԹՍ-ներ։

«Շատ լավ հասկանում ենք, որ F-16-ն օգնում է Բայրակթարին, զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի եւ կառավարման թուրքական ինքնաթիռ է թռչում, եւ բորտերով, համարներով գիտենք, որ փոխկապակցված աշխատում են։ Շատ լավ գիտենք, որ միայն F-16-ը կարող էր տեսնել մեր ՍՈՒ25-ին, ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող իրենց էդ պահին էդ տեղում հայտնաբերել»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։