Բավ է պառակտվել
18-08-2020 11:33

Մենք բաց ենք համագործակցության համար. Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Վանեցյանին

 

Օգոստոսի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի միջև։  

Կուսակցության մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի ԱԺ գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտելով խորհրդարանում ներկայացված կուսակցությունների միջև վստահության ու համագործակցային մթնոլորտի, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը։

Արթուր Վանեցյանը կարևորել է հայկական երկու հանրապետությունների քաղաքական համակարգերում կուսակցությունների դերակատարությունը և միջկուսակցական շփումները ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շրջանակում։

«Մենք բաց ենք համագործակցության համար արցախցի մեր գործընկերների հետ՝ հանուն Արցախի հանրապետության միջազգային ճանաչման»,- շեշտել է Արթուր Վանեցյանը։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև Արցախի անվտանգության և պաշտպանունակության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու համավարակի դեմ պայքարին առնչվող հարցերի։