Բավ է պառակտվել
09-05-2019 19:00

Մենք հիշում և փառաբանում ենք մեր հերոսներին, ովքեր զոհեցին իրենց կյանքը հայրենիքի ազատության համար. Բ․ Սահակյան

  

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 27-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Սա փառապանծ տոն է, որը համախմբում է մեր ազգի բոլոր սերունդներին, աշխարհասփյուռ հայությանը”,- ասվել է ուղերձում։

Սահակյանը նշել է, որ մայիսի 9-ին մենք անսահման հպարտության և երախտագիտության զգացմունքով տոնում ենք մեր պապերի և հայրերի տարած հաղթանակը Հայրենական մեծ պատերզմում։ Նա նշել է, որ Պատմության մեջ վառ են նրանց անօրինակ սխրանքն ու խիզախությունը, անձնազոհ նվիրվածությունը հայրենիքին ու հարազատ ժողովրդին, ինչն էլ նրանցից ժառանգել է մեր սերունդը և սերտել՝ որպես հայրենասիրության լավագույն դաս:

“Աչքի առաջ ունենալով նրանց հերոսական օրինակը՝ մենք, առանց վարանելու, 1992-ին Մայր Հայաստանի և սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին զենք վերցրինք և մեկ մարդու պես կանգնեցինք հայրենիքի պաշտպանության դիրքերում, մեզ պարտադրված պատերազմի պայմաններում ստեղծեցինք պաշտպանության բանակ, ազատագրեցինք հայոց բերդաքաղաք Շուշին: Դա հայ ժողովրդի միասնական ուժի, ազատատենչ ոգու և անկոտրում կամքի հաղթանակն էր: Այդ հաղթանակներն այսօր ամուր են պահում մեր քաջ որդիները՝ պատվով շարունակելով իրենց հերոս նախնիների սուրբ գործը”,- ընդգծել է նա:

Նախագահը նշել է, որ այս մայիսյան տոնական օրը լի է ինչպես անսահման ցնծությամբ ու հրճվանքով, այնպես էլ խոր ցավով ու կսկիծով:

“Մենք հիշում և փառաբանում ենք հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին: Թող նրանք անմահանան հայրենիքում ծնվող ամեն մի մանկան, ամեն մի շենացող բնակավայրի, ամեն մի օջախում վառվող կրակի հետ”,-ասել է նա:

Սահակյանը մաղթել է խաղաղություն, բարեկցություն և նոր հաղթանակներ։

Մայիսի 9-ին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում նշվում է եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Ղարաբաղի Պաշտպանական բանակի ստեղծման օրը։