Բավ է պառակտվել
25-03-2022 11:46

Արցախի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ներխուժման մասին. «Անտարբերությունն ու անգործությունը ամենասարսափելի հետևանքները կունենան քաղաքակիրթ մարդկության համար»

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված հանրապետությունում լարվածության աճի հետ։

«Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։ Թշնամին նաև սադրանքների է դիմել նույն շրջանի Խրամորթ բնակավայրի ուղղությամբ։ Ավելին, մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ», - ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ վերոհիշյալ գործողությունները տրամաբանական շարունակությունն են վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած ահաբեկչական արշավի, որը դրսևորվում է խաղաղ բնակչության վրա հոգեբանական ճնշումների գործադրմամբ, կրակի դադարեցման ռեժիմի պարբերական խախտումներով և Արցախը սնուցող միակ գազատարի խափանմամբ, ինչի արդյունքում հանրապետությունում հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծվել։ Ադրբեջանի կողմից իրականացվող այս բոլոր գործողությունները ոչ այլ ինչ են քան պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը։

«Ադրբեջանի աշխարհաքաղաքական նպատակները ակնհայտ են` ահաբեկել Արցախի ժողովրդին, հարված հասցնել ՌԴ խաղաղապահ առաքելությանը, Անդրկովկասը դարձնել պանթյուրքիզմի և ծայրահեղականության պլացդարմ` հետագայում ավելի լայն ծրագրերի իրականացման նպատակով:
Ադրբեջանի հայատյաց և սանձազերծ քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության, մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ամենախիստ գնահատականին: Անտարբերությունն ու անգործությունը ավելի սարսափելի հետևանքներ կունենան ողջ քաղաքակիրթ մարդկության համար», - ընդգծվում է հայտարարությունում։

ԱԳՆ-ն նշում է, որ Արցախի ժողովուրդը շարունակում է ամուր կանգնել իր հողում և երբևիցե չի հրաժարվելու իր հայրենիքից, չի ընկրկելու թշնամու ստորությունների ու նենգության առաջ: