Ստեփանակերտը կարևորում է միջազգային հանրության հավաքական ջանքերի կենտրոնացումը կոնկրետ քայլերի իրականացման վրա՝ միտված Ադրբեջանի ցեղասպանական ծրագրի խափանմանը։
Այս մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ, որում գերատեսչությունը ողջունում է Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման դատապարտումը Եվրախորհրդարանի կողմից և կոչերը՝ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի գործունեությունը` ի կատարումն 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների։
Փաստաթղթում երախտագիտություն է հայտնվում եվրոպացի այն պատգամավորներին, որոնք սկզբունքային դիրքորոշում են դրսևորել Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի անմարդկային քաղաքականության կանխման անհրաժեշտության վերաբերյալ։
«Հավանություն ենք տալիս տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Արցախ մուտքն ապահովելու կոչերին։ Բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի դիմումը միջազգային հանրությանը՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի ժողովրդի ճակատագրում։»,- ասվում է Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
Այս առնչությամբ գերատեսչությունը կրկին ընդգծում է, որ Արցախի շրջափակումը Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ոչնչացման ծրագրի բաղադրիչներից միայն մեկն է։ Ստեղծելով անտանելի կենսապայմաններ՝ Ադրբեջանը նպատակ ունի վտարել Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից։