Բավ է պառակտվել
21-06-2017 12:29

Արցախի ՊՆ-ն պարզաբանել է « դիվերսիայի և ռազմագերիների» վերաբերյալ հայտարարությունը

Չորեքշաբթի օրը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանել է հակամարտ գորում « դիվերսիայի և ռազմագերիների» վերաբերյալ հայտարարությունը:
«Հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվություն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի պաշտպանական գերատեսչությունում ընդգծել են, որ ԼՂՀ պաշտպանական բանակը դիվերսիոն գործողություններ չի իրականացրել:
Ավելին, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս:
«Նմանօրինակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը վիրտուալ տիրույթում արձանագրել է հերթական «հաղթանակը» և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»,- հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: