Բավ է պառակտվել
05-12-2019 19:10

Մնացականյանը ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշման յոթ առանցքային կետ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ համաժողովին իր ելույթում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման յոթ կետ։ Այս մասին տեղեկացրել է հայկական արտաքին գերատեսչության մամլո ծառայությունը։

Նախօրեին Բրատիսլավայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումն։ Այն կայացել է ԵԱՀԿ նախարարների համաժողովի շրջանակներում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ) , Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և էնդրյու Շիֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։

1․Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

“Հակամարտությունը, որը հասցեագրվում է միջազգային մանդատ և աջակցություն վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունի”,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

2․Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Մանցականյանը հայտարարել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքն է։

“Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի”,-ասել է նա:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ “առանց սահմանափակման” տերմինը պարզորոշ մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը՝ ունենալ և որոշել իր կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս:

Նա նշել է, որ Ադրբեջանի որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար գոյութենական ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչն արտահայտվեց նաև 2016թ․ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած վերջին ագրեսիայով։

“Այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը։ Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որևէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն”,- ընդգծել է նա:

3․Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման

Ըստ Մնացականյանի, Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման։


“Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին և 2016թ”,-ասել է նա։
Այս միտքն առավել ընդգծելու նպատակով Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վկայակոչել է Արցախի՝ ներկայում Ադրեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, և որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով։

“Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ”,- պարզաբանել է նա։

4․Արցախի լիարժեք ներգրավվածությունը խաղաղ կարգավորման գործընթացում

Հայաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ։

“Ուստի, Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի”,- ասել է նա:

Այս առնչությամբ, նշել է Մնացականյանը, հայկական կողմը ընդգծում ենք խաղաղ գործընթացում, մասնավորապես բովանդակային հարցերում Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը:

“Հայաստանի կառավարությունը երբեք չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք կարող են խախտել Արցախի ժողովրդի` իր սեփական քաղաքական կարգավիճակը ազատորեն վճռելու իրավունքը և զրկել նրանց այս գործընթացի նկատմամբ սեփականության զգացումից”,- ասել է նա:

5․Խաղաղ կարգավորոմը չի կարող ընթանալ ռիսկրի էսկալացիայի միջավայրում

Մնացականյանը շեշտել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։

“Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը”,- հայտարարել է նա։

Ըստ Հայաստանի ԱԳ նախարարի, խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։

“Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994 և 1995 թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով”,- ասել է նա։


6․Ադրբեջանի վարած ատելության քաղաքականությունը պետք է դատապարտվի

Մնացականյանը նշել է, որ պետք է անվերապահորեն հավատարիմ մնալ ուժի և ուժի սպառնաիքի չկիրառման հիմնարար սկզբունքին:

“Ադրբեջանի ղեկավարության կողմից հրահրվող և ուղղորդվող ատելության, անհադուրժողականության, այլատյացության, հայատյացության քաղաքականությունը պետք է դատապարտվի: Պետք է ջանքեր ներդրվեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղությանը նպաստող միջավայր ձևավորելու ուղղությամբ”,- հավելել է նա:

7․Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումները խաղաղ կարգավորման գործընթացի բովանդակային առաջընթացի հիմնարար խոչընդոտներն են

“Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումները, որոնք հաշվի չեն առնում Արցախի ժողովրդի կամքն ու մտահոգությունները, խաղաղ կարգավորման գործընթացի բովանդակային առաջընթացի հիմնարար խոչընդոտներն են”,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Ըստ նրա՝ դրա վկայությունն է Ադրբեջանի իշխանությունների անկարողությունը փոխադարձել Հայաստանի փոխզիջման կոչը։

“Հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետը ցուցաբերեց քաղաքական ուժեղ կամք՝ հայտարարելով, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ինչը նշանակում է, որ կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով”,- ընդգծել է նա։

Վերջնական կարգավորման հեռանկարները

Ամփոփելով իր ելույթը, Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է բանակցային գործընթացին և շարունակելու է հետևողականորեն աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: “Միևնույն ժամանակ, անընդունելի է, երբ Ադրբեջանում ներկայիս ներքաղաքական զարգացումների լույսի ներքո վերջինս խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում: Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը”,- ընդգծել է նա:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ “անցյալ ամիս մենք ցույց տվեցինք հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության ձևավորման համեստ, բայց կարևոր օրինակ”։

“Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակումը վստահության ձևավորման և կողմերի միջև հանրային մակարդակում ներառական երկխոսության խոստումնալից օրինակ է”,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ պետք է պահպանվեն շփման գծի երկայնքով և միջպետական սահմաններում խախտումների հարաբերականորեն ցածր մակարդակը, իչպես նաև ուղիղ կապի կիրառումը։

“Այնուհանդերձ, մեզ շարունակում է լրջորեն մտահոգել այն փաստը, որ չնայած այս միջոցներին՝ շարունակվել են արձանագրվել զոհեր և վիրավորներ, որոնցից հնարավոր էր խուսափել”,- նշել է նա։

Ավարտելով ելույթը, Մնացականյանը նշել է, որ արդեն իսկ ստանձնած հանձնառությունների իրականացումն առանցքային նշանակությունի ունի հիմնախնդրի վերջնական կարգավորման հեռանկարի ուղղությամբ վստահության ձևավորման համար։