Բավ է պառակտվել
24-02-2022 13:53

Մոլդովան կփակի իր օդային տարածքը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված

Մոլդովան հանրապետության Անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԲԽ) առաջարկով Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ից կփակի իր օդային տարածքը՝ կապված Ուկրաինայում իրադարձությունների հետ։ Այս մասին հինգշաբթի իր Telegram ալիքում հայտնել է փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Անդրեյ Սպինուն։

«Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ԱԲԽ-ն խորհուրդ է տվել փակել Մոլդովայի Հանրապետության օդային տարածքը: Քաղաքացիական ավիացիայի վարչությունը կիրականացնի հանձնարարականը, օդային տարածքը կփակվի ժամը 12:00-ից (Մոսկվայի ժամանակով 13:00-ից․ ՏԱՍՍ-ի նշում): Բոլոր չվերթները կուղղորդվեն այլ օդանավակայաններ»,- գրել է Սպինուն։

Հինգշաբթի ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել էր, որ հանրապետության կառավարությունը ծրագրում է դիմել խորհրդարան՝ երկրում արտակարգ դրություն մտցնելու խնդրանքով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հեռուստաուղերձում ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշում է կայացրել։ Ռուսաստանի առաջնորդը շեշտել է, որ Մոսկվայի ծրագրերում ներառված չէ ուկրաինական տարածքների օկուպացիան։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշգրտության միջոցներով շարքից հանվում են ռազմական ենթակառուցվածքները։ Գերատեսչությունից վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում։