Բավ է պառակտվել
06-03-2017 15:50

Մոսկվան կօգնի Ղարաբաղի հարցում Բաքվի և Երևանի համար ընդունելի հանգուցալուծման որոնմանը

«Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել»,- այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: « Դա առաջին հերթին անվտանգության հարցերն են, հումանիտար հարցերն են, այն շրջանների վերադարձի հարցերն են, որոնք գտնվում են Ղարաբաղի շուրջ և չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից, Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը՝ հաշվի առնելով այն մարդկանց (կարծիքը), ովքեր այդտեղ ապրում են, դա նաև միջազգային խաղաղապահ ուժերի չափանիշների համաձայնեցումն է»:
Լավրովն ընդգծել է, որ.« Այդ ասպեկտների մեծ մասի շուրջ մեզ մոտ համաձայնություն կա: Բայց երկու-երեք կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, դեռևս քննարկվում են»,- շարունակել է նա ասելով, որ.« Չեմ թաքցնի, մենք դեռևս հեռու ենք նրանից, որ կողմերը մշակեն միասնական մոտեցում այդ մնացած հարցերի նկատմամբ»:
Լավրովն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման շուրջ բովանդակալի բանակցությունների համար անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին շրջանում խիստ լարված իրավիճակի թուլացմանը:
«Համոզված եմ, որ կարևոր դեր կխաղար վստահության միջոցների ամրապնդումը, այդ թվում՝ հաշվի առնելով անցած տարվա մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները, և ԵԱՀԿ շրջանակում մշակված առաջարկները»,- հավելել է ռուս նախարարը:
«Ռուսաստանը հետագայում էլ կշարունակի երկու երկրների համար ընդունելի հանգուցալուծման փնտրտուքները՝ ինչպես Բաքվի և Երևանի հետ մեր երկկողմանի հարաբերությունների սահմաններում, այնպես էլ Ռուսաստան- Ադրբեջան- Հայաստան եռակողմ հանդիպումների շրջանակներում»,- ասել է Լավրովը:« Եվ իհարկե իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մեր բոլոր քայլերը ձեռնարկվում են համանախագահների՝ նկատի ունեմ մեր գործընկերներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ մշակած հիմնական մոտեցումների հիման վրա:
Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով լուրջ ջանքեր է գործադրում:
Նրա խոսքերով Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ Ադրբեջանի կարևոր խնդիրներից մեկը:
«Ռուսաստանը շատ լուրջ ջանքեր է գործադրում դրա կարգավորման համար, այսօր մենք դրանք մանրամասնորեն քննարկեցինք»,- ասել է Մամեդյարովը, հավելելով, որ. «Դրանք լսում են և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, կան ինչ-որ հեռանկարներ»:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: