Բավ է պառակտվել
15-04-2022 10:45

Կարո՞ղ է Հայաստանը դառնալ Ռուսաստանն ու ԵՄ-ն կապող հանգույց. պատասխանում է Էկոնոմիկայի նախարարը

Կարո՞ղ է Հայաստանը դառնալ Ռուսաստանի և ԵՄ միջև թռիչքների ՀԱԲ։ Ի՞նչ է արվում հայկական ավիաընկերություններին ԵՄ սև ցուցակից հանելու համար։ Այս և այլ հարցերին ՌԲԿ-ին տված հարցազրույցում պատասխանել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Վերջերս գործարկեցինք երկու նոր ավիաընկերություն, որոնցից մեկն արդեն ակտիվորեն գործում է, երկրորդը կսկսի գործել մայիսին։Մեկը համատեղ ձեռնարկություն է մոլդովական ավիաընկերության հետ, մյուսը համատեղ ձեռնարկություն է Air Arabia-ի հետ: Պետությունն աջակցում է այս նոր ավիաընկերություններին, որպեսզի ակտիվորեն զարգանան ու գործեն»,- ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով, ինչ վերաբերում է հանգույցին՝ այո, այժմ Հայաստանից Ռուսաստան օրական 20-ից ավելի չվերթ է իրականացվում, և այսպես թե այնպես, ուղևորահոսքը բավականին մեծ է։ Եվ եթե պահանջարկ լինի, հայկական կողմը կաշխատի այն բավարարելու ուղղությամբ։

Նա պատասխանեց նաև հարցին, թե հայկական ավիաընկերությունները երբ կկարողանան թռչել ԵՄ։

«Հիմա, փաստորեն, ԵՄ-ից շատ ավիաընկերություններ են թռչում Հայաստան, կոնկրետ ամսաթվերը չեմ կարող ասել, մենք աշխատում ենք այս ուղղությամբ, իսկապես հեշտ չէ»,- ասաց Քերոբյանը։

2022 թվականի ապրիլի 11-ին Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավիացիոն անվտանգության իր սև ցուցակում ներառեց 21 ռուսական ավիաընկերություն, այդ թվում՝ «Աերոֆլոտ»-ը, «Ռոսիա»-ն, «Պոբեդա»-ն և UTair-ը։։

2020 թվականին Եվրահանձնաժողովը թարմացրել էր ԵՄ օդային անվտանգության ցուցակը, ըստ որի՝ Հայաստանում հավաստագրված վեց ավիաընկերությունների թույլ չեն տալիս թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ, բացառությամբ տարհանման, մարդասիրական և բժշկական թռիչքների։ Այս ավիաընկերությունները ներառվել են նշված ցանկում՝ անվտանգության հսկողությունը գնահատելուց հետո։