ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հայտարարել է Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց աշխատանքները սկսելու մասին, երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է առաքելության ղեկավար Ուրսուլա Գաչեկը (Urszula Gacek)։
Առաքելությունը Հայաստան է ժամանել կառավարության պաշտոնական հրավերով դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտությունների գործընթացը դիտարկելու համար։
“Օրերս Հայաստան կժամանեն առաքելության առաջին 13 անդամը, ավելի ուշ նրանց կմիանա ևս 24 մարդ, ովքեր պատասխանատու կլինեն մոնիթորինգի համար մարզերում, իսկ 250 անձից բաղկացած հիմնական պատվիրակությունը երկիր կժամանի ընտրությունների նախօրեին՝ անմիջապես ընտրությունների ընթացքին հետևելու համար”,- ասել է Գաչեկը, հավելելով, որ ակնկալվում է նաև ԵԽԽՎ ներկայացուցիչների և Եվրախորհրդարանի պատգամավորների մասնակցությունը։
Նա նշել է, որ առաքելության հիմնական նպատակն է հետևել, որքանով են ընտրությունները համապատասխանում միջազգային և տեղական օրենսդրություններին։
Առաքելությունը կհետևի բոլոր գործընթացներին՝ սկսած թեկնածուների գրանցումից մինչև ընտրությունների տեխնիկակական նախապատրաստումն ու անցկացումը, ԶԼՄ-ների կողմից լուսաբանումը, արդյունքների բողոքարկումը և ծագած խնդիրների լուծումը ԿԸՀ-ի կողմից։ Ընդ որում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը ընտրությունների հաջորդ օրն իր դիտարկումները ներկայացնելուց հետո կշարունակի աշխատանքները, այդ թվում նաև արդյունքների հնարավոր բողոքարկումները վերահսկելու նպատակով։ Ընտրություններից երկու ամիս անց առաքելությունը կներկայացնի վերջնական զեկույցը, որտեղ ամփոփված կլինեն բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները։
“Մեր առաքելությունը կրում է զուտ դիտորդական բնույթ, նրա գործունեության մեջ բացակայում է որևէ քաղաքական կամ ծրագրային ենթատեքստ։ Մենք աշխատելու ենք Հայաստանում նույն կազմով, ինչ նախկինում, նույն սկզբունքներով, ինչ այլ երկրներում, անկախ և անկողմնակալ”,-ասել է Գաչեկը։
Ինչ վերաբերում է քարոզարշավի կազմակերպման և անցկացման ժամկետներին, որն այս անգամ կտևի երկու շաբաթ, դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ դա կարող է խնդիրներ առաջացնել ԿԸՀ-ի համար կազմակերպչական հարցերի լուծման տեսակետից, սակայն նրանք ակտիվ աշխատում են։
“Իրականում, քարոզարշավի անցկացման տևողությունը կարևոր չէ, բոլոր կուսակցությունները կարող են որոշակի ժամանակ ստանալ իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար”,-ասել է Գաչեկը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Նոյեմբերի 1-ի արտահերթ նիստին պատգամավորները չեն ընտրել վարչապետ երկրորդ անգամ և, համաձայն Սահմանադրության, խորհրդարանը իրավունքի ուժով լուծարվել է։ Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանը արտահերթ ընտրությունների օրը է նշանակել 2018թ. դեկտեմբերի 9-ը: